Армяно Языческий Книга Завета

Информация о пользователе

Привет, Гость! Войдите или зарегистрируйтесь.


Вы здесь » Армяно Языческий Книга Завета » Тестовый форум » Армяно Языческий Книга 5 .. Bестник Bесны..


Армяно Языческий Книга 5 .. Bестник Bесны..

Сообщений 1 страница 10 из 10

1

ԳԻՐՔ  ՀԻՆԳԵՐՈՐԴ

Վ  Ե  Հ  Ա  Ր  Ա  Ն

   Բնությունն իր ինքնանորոգման ամեն մի բուռն երկունքի շրջանում դրա արտահայտությունն է արտացոլում բնական Տեսակների մեջ: ԵՎ ամենազորավոր անհատներն են առաջինը զգում դա և դառնում բնական օրինաչափությունների արտահայտությունը իրենց Տեսակի մեջ:
   Տիեզերական Գարնան հաղթարշավը իր առաջին արտահայտությունը ստացել է Արի Տեսակի ամենազորավոր անհատի՝ Նժդեհի մեջ: ԵՎ Նժդեհից ճառագելով, այն ընդգրկելու է ամբողջ Ցեղը և ապա՝ մարդկությունը:
   Այնպես որ Նժդեհը պիտի լիներ. նա չէր կարող չլինել: Դա Բնության պահանջն էր, դա բնականի պահանջն էր:

ԳԱՐՆԱՆ  ԱՎԵՏԱԲԵՐ

0

2

Բոլոր նրա՜նց, ովքեր իրենց Արի են զգում. բոլոր նրա՜նց, ովքեր իրենց Աստվածամարդ են զգում. բոլոր նրա՜նց, ովքեր իրենց Արարչի որդիներ են զգում. բոլոր նրա՜նց, ովքեր զգում են իրենց արմատը Մայր Արարատում. բոլոր նրա՜նց, ովքեր նայում են Արեգին և զգում են Վահագնին - բոլոր նրա՜նց ավետում ենք Տիեզերական Գարնան մոտալուտ գալուստը:
   Հազարավոր տարիներ են անցել Վահագնի ծնունդից և Համաշխարհային վերջին Ջրհեղեղից: Հազարավոր տարիների ընթացքում Արիները ապրել են Տիեզերական Գարուն, ապա՝ Ամառ, հետո՝ Աշուն և... հիմա Ձմեռ է՝ Երկրի հարաբերական մահը:
   Վաղուց արդեն մահաշունչ Ձմեռն է իշխում Երկրի վրա և Արարատում: Ցուրտն է պատել Արիների մարմիններն ու հոգիները: Սառել է Արիների կարոտը, սառել է արարումը, սառել է սերը, սառել է ժպիտը: ԵՎ Արիները այդ սառնությամբ տկարացել են:
   ԵՎ տկարացած Արիները վաղուց արդեն իրենք իրենց մեջ ժխտել են աստվածայնությունը, ուրացել են Հայր Արային ու Անմահ Աստվածներին: ԵՎ մահաշունչ Վիշապը բազմել է Արարատում ու պղծում է Արարատը, պղծում է Արիների սառած հոգիները:
   Բայց Ձմեռից հետո գալու է Գարուն...
   Երկնի ու Երկրի մի նոր երկունքից հենց Արարատում ծնվելու է Զորության Աստված Վահագնը՝ Վիշապին սպանելու և Երկիրը լվալու Վիշապի պղծությունից Մեծ Ջրհեղեղով: Վահագնը ծնվելու է պահպանելու իր Արի Աստվածամարդերի Ցեղը և նորից հաստատելու արարումը Երկրի վրա:
   ԵՎ մոտ է Տիեզերական Գարունը, մոտ է Վահագնի ծնունդը: ԵՎ ինչպես ամեն մի գարուն, Տիեզերական Գարունն էլ իր ավետաբերն ունի, որ իրենից առաջ հայտնվում է Երկրի վրա և մարդկանց հոգիները լցնում Գարնան սպասումով:
   ԵՎ Հայր Արայի կամքով, Գարնան Ավետաբերը՝ Գարեգինը, ծագեց հենց Արարատում, Վահագնի ծնունդի  9472 թվին: Նա ծագեց որպես հրեղեն ոգի՝ նյութական մարմին առած, որպես սուրբ նախնիների երջանկաբեր պարգև և որպես ըմբոստ զորություն տկարության դեմ: Գարեգինը ծագեց մանկան ծնունդով: ԵՎ ծնվեց նա որպես սովորական մի Հայ մանուկ, բոլոր Հայ մանուկների պես՝ սովորական Արի Հայ հորից ու մորից: ԵՎ նա ուներ այն ամենը, ինչ ունեին բոլոր Հայ մանուկները՝ և՜ հայր, և՜ մայր, և՜ քույր, եղբայր, և՜ հորեղբայր, հորաքույր, մորեղբայր, մորաքույր և բազում-բազում մոտ ու հեռու ազգականներ: Նա ուներ նաև բոլոր Հայ մանուկների համար ամենամեծ սրբությունները՝ պապ ու տատ: ԵՎ ինչպես բոլոր Հայ մանուկները, նա էլ իր տոհմն ուներ՝ տոհմական էր նա:
   ԵՎ արև ուներ նա իր աչքերում, ու արեգն էր սիրում նրան: Իր կյանքի առաջին լույսը նա դիմավորեց արևով՝ սևեռուն աչքերը հառած արեգին: ԵՎ ինչպես էլ շրջում էին նրան, նա արևածաղկի պես իր դեմքը դարձնում էր արեգին և իր աչքերի մեջ ձուլում արևի հուրը:
   Նա ծնվեց որպես Գարեգին, որպես Գարնան աստվածային Ավետաբեր՝ Վահագնի մոտալուտ ծնունդի խորհուրդը հաղորդելու Արիներին և սպասումի զորությամբ սնելու նրանց հոգիները:
   ԵՎ այն Արիները, ովքեր կհավատան Գարեգինին ու կսպասեն Վահագնին, կզորանան իրենց աստվածայնության զգացողությամբ: ԵՎ միայն իրենց աստվածայնությունը զգացող զորավորները ընդառաջ կգնան Վահագնին: ԵՎ միայն նրանց կհովանավորի Ամենազոր Վահագնը: ԵՎ միայն զորավորները կվերապրեն Ջրհեղեղը: Իսկ նրանք, որ չեն հավատա Գարեգինին ու չեն սպասի Վահագնին, կմնան իրենց երանելի տկարության մեջ ու երբեք չեն զորանա: ԵՎ իրենց տկարությամբ նրանք չեն կարող դիմավորել Վահագնին ու չեն կարող վերապրել Ջրհեղեղը: Վահագնը չի հովանավորի տկարներին, և տկարները կկործանվեն, քանզի Վահագնը պահպանելու է Աստվածամարդերի Ցեղը, իսկ տկարներից աստվածներ չեն ծնվի:

0

3

ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՒՄ

   Գարեգինը վայրի էր իր լեռների պես, իր դաշտերի ու առվակների պես, իր ծառ ու ծաղկի պես: ԵՎ վայրի էր արեգի պես: ԵՎ իր վայրի աչքերով նայում էր վայրի արեգին: ԵՎ դեռ նախատում էր ընկերներին, որոնք վախենում էին նայել արեգին.
   - Ծառերը նայում են արեգին, ծաղիկները նայում են արեգին, դո՞ւք ինչու եք արեգից թաքցնում ձեր աչքերը:
   - Արեգը վառում է մեր աչքերը,- արդարանում էին ընկերները:
   - Տկար աչքերն են արեգից վառվում,- պնդում էր Գարեգինը,- ուժեղ աչքերը արեգից ուժ են ստանում:
   Վայրի զորություն ուներ Գարեգինը: Վայրի բնություն էր նա վայրի բնության մեջ: ԵՎ այդ վայրի բնությունը կտրեցին իր ամբողջությունից և խցկեցին վանք: Սառն էր վանքը ու խավար: ԵՎ մամլիչի պես այդ խավարը ճնշում էր Գարեգինին: Այդ ճնշումից նա կռանում էր, կծկվում: Սառնությունն էլ թմրեցնում էր նրա կծկված մարմինը: Գարեգինի վայրի բնությունը լույս էր ուզում ու ջերմություն, իսկ նրան ստիպում էին կծկվել խավարի ճնշումից ու սառչել ցրտից: ԵՎ դեռ ստիպում էին ապաշխարել, աղոթել՝ ի՞նչ և ո՞ւմ: Չէր հասկանում Գարեգինը՝ ինչ-որ փրկություն էին աղերսում ինչ-որ աստծուց: Բայց ի՞նչ փրկություն և ի՞նչ աստծուց:
   ՙԱստված ի՞նչ գործ ունի այս խավար և ցուրտ պատերի մեջ,- մտածում էր Գարեգինը,- էս ի՞նչ աստված է, որ չի սիրում արեգ, ջերմություն, ծաղիկ, թիթեռ և թաքնվել է այս խավար ու ցուրտ վանքում: ԵՎ ինչո՞ւ են նրան աղոթում: Նա ինձ ինչպե՞ս պիտի փրկի, երբ ես հենց այս խավարից եմ ուզում փրկվել ու փախչել դուրս՝ դեպի արև, դեպի լույս ու ջերմություն՚:
   ԵՎ Գարեգինը դուրս վազեց վանքից ու ընկավ լույս աշխարհ, ուր արև էր, ջերմություն, ծաղիկ, թռչուններ... Նա միայնակ թափառում էր լեռներում և հիանում էր բնաշխարհով: Ամենուր կյանք էր, ժպիտ, աշխուժություն և սեր:
   Գարեգինը երկար թափառեց լեռներում և վերջը հոգնած պառկեց կանաչ խոտի վրա ու քնեց: Արթնացավ գիշերով: Երկնքից անթիվ աստղեր ժպտում էին նրան: Հանկարծ Գարեգինի առջև կանգնեց նրա պապը: Այն պապը, ում նա շատ էր սիրում, բայց և որ վաղուց մեռել էր: Մեռած պապը իր ողջ կերպարանքով կանգնած էր Գարեգինի դիմաց և ժպտում էր:
   - Պա՜պ,- զարմացած կանչեց Գարեգինը,- դու կա՞ս:
   - Այո, թոռնի՜կս,- պատասխանեց պապը,- ես ոգի եմ և կամ:   
ԵՎ Գարեգինը փարվեց պապին:
   - Պա՜պ, - ասաց Գարեգինը, - ծաղիկները ժպտում են, ծառերը ծաղկում են, վայրի կենդանիները խաղում են:  Նրանք էլ աստված ունեն, բայց չեն ապաշխարում, չեն աղոթում:  Նրանք ապրում են, սիրում են, ժպտում են:  Նրանք երջանիկ են՝ աստված նրանց սիրում է:  Իսկ ինչո՞ւ աստված մեզ չի սիրում և մշտապես պահանջում է, որ մենք աղոթենք, ապաշխարենք, մեղա գանք:
   ԵՎ պապը ասաց.
   - Ծաղիկը, ծառը, կենդանին, թռչունը ավելի կատարյալ են, քան դուք:  Նրանք ապրում են իրենց աստվածներով ու երջանիկ են:  Իսկ դուք ապրում եք օտար աստվածներով ու երջանիկ չեք:  Հարազատ աստվածները սիրող են, իսկ օտար աստվածները՝ պատժող:
   - Պա՜պ, - ասաց Գարեգինը, - իսկ ինչպե՞ս կատարյալ լինեմ ես, որ իմ աստվածները սիրեն ինձ:
   - Ապրիր քո աստվածներով ու կատարյալ կլինես, - ասաց պապը:
   - Իսկ ովքե՞ր են իմ աստվածները, - հարցրեց Գարեգինը:
   ԵՎ պապը ասաց.
   - Քո աստվածները նրանք են, ովքեր քեզ տալիս են կյանք, ուժ, սեր:  Դրանք են՝ քո հայրը, քո պապը, պապի պապը, նրա պապը և այդպես մինչև Արարիչ՝ Հայր Արան:  Արան է մեր բացարձակ Հայրը, որ արարել  է բոլոր աստվածներին:
   Գարեգինը հարցրեց.
   - Պա՜պ, ուրեմն ես է՞լ եմ աստված:
   - Այո, թոռնի՜կս, դու էլ ես աստված, - պատասխանեց պապը, - Արայից սերված Արորդի ես դու՝ երկրային աստված:
   Պապը հեռացավ, իսկ Գարեգինը արևածագը դիմանվորեց առավել զորեղ ու երջանիկ:  Նա տեսել էր իր պապին, նա ճանաչել էր իր Արարչին և զգացել էլ ինքն իրեն որպես երկրային աստված:
   Ժպտաց Գարեգինը ծագող արեգին և կանչեց նրան ընդառաջ.
   - Մահի Աստվածը ինձ ի՞նչ աստված, երբ ինքս եմ աստված՝ Արայից սերված Արորդի եմ ես:

0

4

ՆԺԴԵՀԱՑՈՒՄ

   Հոգեկան խռովքի մեջ էր Գարեգինը:  Ոչ ոք չէր հավատում, որ իր պապը կա:  ԵՎ համոզում էին նրան, որ դա չար ոգի է և պահանջում էին, որ իրենից վանի իր պապին:  Է՛հ, չար մարդը չար ոգի է դառնում, բարի մարդը՝ բարի ոգի, իսկ պապը միշտ էլ պապ է մնում:  ԵՎ պապը չի կարող չլսել թոռնիկին, չի կարող չզգալ նրան, չգալ նրա մոտ, երբ թոռնիկը նրա պահանջը ունի:  ԵՎ պապը եկավ Գարեգինի մոտ:
   - Ի՞նչն է խռովել քո հոգին, թոռնի՜կս, - հարցրեց պապը:
   ԵՎ Գարեգինը ասաց.
   - Պա՜պ, էս ինչպե՞ս են ապրում Արիները՝ ոչ ետ են նայում և ոչ էլ՝ առաջ:  Ոչ իրենց պապերին են զգում և ոչ էլ իրենց թոռների մեջ են ապրում:  Ապրում են միայն այսօրով՝ սարսափում են մահից, բայց կյանքն էլ չեն սիրում:
   ԵՎ պապը ասաց.
   - Սիրելի թոռնի՜կս, Արիների և նրանց պապերի արանքում խցկվել է ինչ-որ մեկը և թույլ չի տալիս, որ տեսնեն իրենց պապերին, ճանաչեն ու կապվեն իրենց պապերին:  Դրա համար էլ անցյալը դատարկ է նրանց համար՝ իրենք չկան այնտեղ. գալիքն էլ դատարկ է նրանց համար՝ դարձյալ իրենք չկան և միայն մահն է:  Նրանց մնում է միայն այսօրը:  Բայց այսօր էլ չկան նրանք:  ԵՎ նրանց այսօրը լոկ մահվան ջղաձգություն է:
   Իսկ Գարեգինը կա:  Նա մի կողմ է հրել այդ ինչ-որ մեկին, որ կանգնած էր իր ու պապի արանքում և տեսել է պապին, ճանաչել է պապին:  Գարեգինը իր անցյալն ուներ, ուներ նաև իր գալիքը:  Նա գիտեր, որ ինքը պապի ապուպապն է. գիտեր նաև, որ պապն էլ իր թոռան թոռն է լինելու:  Գարեգինը գիտեր՝ որտեղից է գալիս և ուր է գնում:
   - Պա՜պ, - ասաց Գարեգինը, - ես ունեմ անցյալ, ունեմ և գալիք:  Բայց իմ անցյալի ու գալիքի միջև կապող օղակը իմ այսօրն է:  Ասա, ինչպե՞ս իմ այսօրը գտնեմ:
   ԵՎ պապը ասաց.
   - Թոռնի՜կս, քո ոգեղեն նախնիները քո հոգևոր աշխարհն են, իսկ քո մարմնավոր շրջապատը՝ քո իրական աշխարհը:  Մեզ հետ դու կապված ես քո անցյալով ու գալիքով, իսկ նրանց հետ կապված ես քո ներկայով:  Որպեսզի կյանքում երբևէ չկասկածես ու չմեղանչես այդ երկու աշխարհներից որևէ մեկի նկատմամբ, դու ինքդ որոնիր, դու ինքդ գտիր:  Նժդեհացիր դու և աշխարհ շրջիր:  Տարբեր հողերի մեջ որոնիր քո արմատը, տարբեր մարդկանց մեջ քո արյունը փնտրիր և քոնը տարբերիր օտարից:
   ԵՎ Գարեգինը ինքնահաստատման ուխտով նժդեհացավ:  Աշխարհը ամբողջ ոտքի տակ առավ:  Տարբեր հողերում իր արմատը որոնեց, տարբեր մարդկանց մեջ փնտրեց իր արյունը:  Բայց ոչ մի այլ տեղ նա իրեն չգտավ:  Ոչ մի այլ հող նրան չընդունեց և ոչ մի արև չշոյեց նրան:  Ամառը շոգեց, բայց չտաքացավ. ձմեռը մրսեց, բայց չզովացավ:  Ամենուր գետինը սահում էր նրա ոտքերի տակ:  Ոչ մի հողում նա արմատ չձգեց և ոչ մի հողում նա չզորացավ:  Ամենուր մարդիկ էին, բայց ո՜չ իր նման՝ նրանք ինքը չէին, օտար էին նրանք և իր արյունը չկար նրանց մեջ:  ԵՎ նա տարբերեց իրենն օտարից:
   Երկար թափառեց Գարեգինը և մոլորվեց աշխարհի ճամփեքում:  Ձեռքերը պարզեց դեպի երկինք ու կանչեց.
   - Ո՛վ, Հայր իմ, Արա՛, տար ինձ դեպի իմ արմատը, տար ինձ դեպի իմ արյունը:
   ԵՎ երկնքի անհունությունից մի ձայն արձագանքեց.
   - Քեզ Վահագնի կանթեղը կառաջնորդի. բոլոր մոլորված Արիների փարոսն է դա:
   ԵՎ Գարեգին Նժդեհը գիշերվա երկնքում տեսավ Վահագնի կանթեղը, որ իր փայլով առանձնանում էր բոլոր աստղերից:  ԵՎ քայլեց այդ ուղղությամբ:
   Հենց որ Գարեգինը իր ոտքը դրեց Արարատի հողի վրա, զգաց, թե ինչպես ձուլվեց այդ հողին՝ կարծես հենց այդ հողից էր բուսել:  Նա զգաց իր արմատը:  Նայեց իր շուրջը և տեսավ իրեն իրենից դուրս բազում ես-երի մեջ:  Իրենն էին բոլորը և բոլորի մեջ ինքը կար:
   Գարեգինը հազարապատիկ ավելի հարազատ զգաց իր ծնողներին, իր եղբայրներին. հազարապատիկ ավելի հարազատ զգաց իր լեռները, իր դաշտերը, իր ծառն ու ծաղկունքը. հազարապատիկ ավելի հարազատ զգաց իր պապին:  Բոլորը իրենն էին ու հազարապատիկ ավելի սիրով նա սիրեց նրանց:
   Գարեգինը բարձրացավ սար, կանչեց իր պապին և հազարապատիկ ավելի կարոտով փարվեց նրան:
   - Պա՜պ, - ասաց նա, - ես գտել եմ իմ արմատը, գտել եմ իմ արյունը, գտել եմ իմ ամբողջությունը և ես սիրում եմ իմ ամբողջությունը այս բոլորի մեջ:
   Պապը ժպտաց և ասաց.
   - Դե՛, թոռնի՜կս, գնա Աստվածների Տաճար, որ Գառնիում է և քո Բարև՛ը տուր Հայր Արային ու անմահ Աստվածներին:
   Գարեգինը գնաց Գառնի, կանգնեց Աստվածների Տաճարի առջև:  Ի՛նչ մոտ էր երկինքը, ի՛նչ մոտ էր արևը:  Ինքը ձուլվել էր երկնքին ու երկրին և երկնի ու երկրի հետ մի ամբողջություն էր կազմել՝ նա ինքը աստված է Աստվածների Տաճարի մոտ:  Նա իր անթարթ աչքերը հառեց երկնքին ու կանչեց:
   - Բարև՛, ո՛վ, Հայր իմ, Արա՜. Բարև՛, ո՛վ, անմահ Աստվածնե՜ր:  Ձեր հովանավորությամբ ես ամբողջացա իմ Ցեղով, իմ Ցեղով սիրեցի, իմ Ցեղով զորացա, ես իմ հավատը իմ Ցեղով կերտեցի, իմ Ցեղի ոգով Ցեղամարդ դարձա և աստվածացա:
   ԵՎ հանկարծ արևը մեծացավ, մեծացավ, վերածվեց մի հրե զանգվածի ու մոտեցավ նրան:  ԵՎ նրա դիմաց կանգնեց Արևշող Վահագնը:  ԵՎ Նժդեհը տեսավ Վահագն Աստծուն:
   ԵՎ Վահագնը ասաց.
   - Ո՛վ, երկրային աստված Արիի արժանավոր ժառա՜նգ, Հայր Արայի կամքով ես ծնվել դու որպես Գարեգին՝ Գարնան Ավետաբեր, ավետելու քո Արի Ցեղին մոտալուտ գալուստը իմ:  Քեզ անմահ Աստվածներն են հովանավորում, և նրանց հովանավորությամբ դու ամբողջացար որպես Ցեղամարդ:  ԵՎ Հայր Արայի կամքով հենց այստեղ Աստվածները կնքելու են քեզ և առաջնորդ են կարգելու աստվածացող Արիներին:
   ԵՎ Վահագնի կանչով հավաքվեցին Աստվածները:  Վահագնյա հուրով խարույկ վառեցին, յոթ արևներից գանձեր հալեցին, պսակ հյուսեցին Նժդեհի համար և նրան կնքեցին որպես Ցեղամարդ:

0

5

ՄԵՆԱՄԱՐՏ  ՄԱՀԻ ՀԵՏ

   Գարեգին Նժդեհը մեծ խարույկ վառեց, զոհ մատուցեց և փառաբանեց Հայր Արային ու անմահ Աստվածներին:
   - Ո՛վ, Հայր իմ, Արա՛, - կանչեց նա, - թե ես քո կամքով կնքվեցի որպես Ցեղամարդ, ուրեմն շնորհիր ինձ աստվածային իմաստը կյանքի և բարեպաշտության խորհուրդը հոգու, որ Ազգիս ներշնչեմ ծագումի ոգին և հավերժումի հավատքն ավետեմ:
   ԵՎ Վահագնը հայտնվեց Նժդեհին ու ասաց.
   - Ո՛վ, երկրային աստվածների մեջ միակ աստվա՜ծդ, Հայր Արայի կամքով Գարնան ավետաբերն ես դու և իմ աստվածային պատգամախոսը:  Բայց քո ուժի չափը ինքդ որոշիր՝ դու պարզապես քարոզի՞չ կլինես, թե՞ զորության առաջնորդը քո Ցեղի մեջ:
   ԵՎ Նժդեհը ասաց.
   - Երկրային աստված եմ ես, աստվածատես եմ ես և անսպառ ուժ ունեմ իմ մեջ:  ԵՎ ես կլինեմ քո Զորության առաջնորդը Ցեղիս մեջ:
   Վահագնը հավանեց Նժդեհի խոսքերը և ասաց.
   - Բայց գիտցիր, ո՛վ, Գարեգին Նժդե՜հ, որ հեշտ է առաջնորդել ժողովրդին և շատ դժվար է Ցեղին առաջնորդել:
   - Ո՞րն է դրանց տարբերությունը, - հարցրեց Նժդեհը:
   ԵՎ Վահագնը ասաց.
   - Ժողովուրդը Ազգի ներկան է՝ կտրված անցյալից ու գալիքից:  Ժողովրդի համար անցյալը դատարկություն է, գալիքն էլ մահն է միայն:  ԵՎ ժողովրդի մեջ այն առաջնորդներն են հարգի, ովքեր առավել կբավարարեն նրա նահատակության պահանջմունքը և առավել նահատակության կտանեն նրան:  Իսկ Ցեղը Ազգի անցյալն է, ներկան և ապագան:  ԵՎ Ցեղին կարող են առաջնորդել միայն նրանք, ովքեր հավերժության խորհուրդն ունեն իրենց մեջ:
   - Թող մահվան ավետաբերները առաջնորդեն ժողովրդին, - ասաց Նժդեհը, - Հայր Արայի կամքով Գարեգին եմ ես, ուրեմն ես միայն Ցեղը պիտի առաջնորդեմ:
   ԵՎ Վահագնը ասաց.
   - Բայց գիտցի՜ր, ո՛վ, Գարեգի՜ն, որ ավելի հեշտ է ջրից կրակ հանել, քան լինել երկրային աստվածների առաջնորդ:  Նրանց առաջնորդել կարող է միայն նա, ով ինքը մահից զորավոր է:
   ԵՎ Նժդեհը դիմեց Վահագնին.
   - Ո՛վ, Ամենազոր Վահա՜գն, օծիր իմ երկսայրի սուրը քո զորությամբ, և ես գնամ մենամարտելու մահի հետ: Կա՜մ մահը կհաղթի ինձ, և իմ Ազգը կազատվի գաճաճ առաջնորդ ունենալու դժբախտությունից, կա՜մ էլ ես կհաղթեմ մահին և քո հովանավորությամբ կառաջնորդեմ Ազգս դեպի զորացում, դեպի հավերժացում:
   Վահագնը օծեց Նժդեհի սուրը: Նժդեհը համբուրեց սուրը և ապա պարզեց դեպի արեգը ու իր երդումը տվեց Վահագնին.
   - Ես Ցեղակրոն եմ, և ահա կերդվեմ քո աջի վրա, ո՛վ, Վահա՜գն, երբեք չմեղանչել ՈՒխտիս դեմ. ապրել, գործել ու մեռնել որպես Ցեղամարդ, որպես Վահագն Աստծո նվիրյալ ուխտավոր: Փա՛ռք քեզ, ո՛վ, Վահա՜գն Ամենազոր:
   Ասաց, հեծավ իր ձին ու գնաց մահին որոնելու: Շատ գնաց, թե քիչ, հասավ Բալկաններ: Մեծ պատերազմ էր բռնկվել այնտեղ: Երկու բանակներ բախվել էին իրար: Մարդիկ մահվան շուրջպար բռնած, խոցում էին իրար ու չէին հագենում:
   Նժդեհը կանգնեց սարի վրա ու նայեց ներքև: Ներքևում մի բանակը գրոհում էր կատաղի մոլուցքով, իսկ մյուս բանակը պաշտպանվում էր մոլի համառությամբ: Նժդեհը պատրաստ էր մտնելու մարտի մեջ: Բայց ո՞ւմ դեմ: Նա վրեժ չուներ ոչ մի կողմի նկատմամբ. իր Մայր Հողի վրա էլ չէր, որ պաշտպաներ այն: Նա միայն դուրս էր եկել մահի հետ մենամարտելու՝ ազնիվ, ասպետական մենամարտ մղելու: Իսկ մահը, իհարկե, հարձակվողի կողմն էր: Չէ՞ որ հարձակվողը հենց մահով էր եկել ուրիշի հողը գրավելու: ԵՎ Նժդեհը որոշեց հարձակվել հարձակվողի վրա:
   - Ո՛վ, Վահա՜գն, մարտի եմ ելնում քո օծված սրով քո աստվածային փառքը հյուսելու:
   Կանչեց Նժդեհը, ասպանդակեց իր ձին և սարի լանջով սլացավ ներքև: Զարմանքն էր պատել կռվող բանակներին, երբ տեսան, որ սարի լանջով ներքև է սլանում մեն-մենակ մի ձիավոր, ում սուրը կրակի պես վառվում էր արևի տակ և ում կարմիր թիկնոցը դրոշակի պես ծածանվում էր թիկունքին:
   Նժդեհը մխրճվեց հարձակվող զորքի մեջ: Աջ ու ձախ թրատում էր նա: Շատ և շատ քաջեր ընկան նրա սրի հարվածներից, բայց ոչ մի կերպ չէին կարողանում կասեցնել Նժդեհի հաղթարշավը: Նժդեհը մահի դեմ էր կռվում, և մահը պարտվում էր: Զարմացած ու սարսափած ռազմիկները փախչում էին Նժդեհի առաջից: Պաշտպանվող բանակը ոգևորված դուրս եկավ իր դիրքերից ու գրոհի անցավ: Հարձակվող բանակը նահանջեց: Մարտն ավարտվեց:
   Հոգնած, բայց երջանիկ Նժդեհը ձիով շրջում էր դաշտում, ուր միայն զոհված քաջերն էին փռված: Նա տեսավ, որ իր կողմն է գալիս մի հեծյալ խումբ: Նժդեհը ճանաչեց այդ խմբի առաջնորդին՝ դա մեծ վրիժառու Անդրանիկն էր:
   - Ո՛վ, պատանի՜,- ասաց Անդրանիկը,- քեզ համար մարզադա՞շտ է սա, որ մեն մենակ մտել ես երկու բանակների կատաղի կռվի մեջ ու խաղ ես անում մանկական չարաճճիությամբ:
   ԵՎ Նժդեհը պատասխանեց.
   - Այո, մեծդ Անդրանի՜կ, մարզադաշտ է սա, ահեղ մարզադաշտ է, ուր ես մրցում եմ մահի հետ:
   Շատ զարմացավ Անդրանիկը և հարցրեց.
   - Ո՞վ ես դու, պատանի՜, դու խե՞նթ ես, թե՞ աստված:
   ԵՎ Նժդեհը ասաց. - Ես Գարեգինն եմ՝ Գարնան ավետաբերը. ես Նժդեհն եմ՝ հավերժական թափառողը. աստվածատեսն եմ ես՝ Վահագն Աստծո պատգամախոսը. Ցեղամարդն եմ ես՝ առաջնորդը աստվածամարդերի. մահից զորավորն եմ ես:
   Լսեց Անդրանիկը Նժդեհին և ասաց.
   - Անծանոթ բաներ ես խոսում դու, Գարեգին Նժդե՜հ: Բայց դու ինձ դուր ես գալիս: Միացիր մեզ և վրեժխնդրությամբ մթագնած մեր աչքերի մեջ քո արևի կենարար լույսը շողարձակիր:
   - Ես կմիանամ քեզ, մեծդ Անդրանի՜կ,- ասաց Նժդեհը,- հատկապես որ դու ինքդ էլ մահից զորավոր ես. բայց ափսոս, որ դու դա չգիտես:
   ԵՎ Հայ քաջերի գլուխ անցած Նժդեհն ու Անդրանիկը, իրենց Հայրենիքից շատ հեռու, մասնակցում էին Բալկանյան պատերազմին: Շատ քաջագործություններ կատարեցին նրանք: Բայց Անդրանիկը կռվում էր մահի դեմ, իսկ Նժդեհը խաղում էր մահի հետ: Երկուսն էլ մահից զորավոր. բայց Անդրանիկը չգիտեր դա, իսկ Նժդեհը գիտեր:

0

6

ՍԻՐԱԶՕԾՈՒՄ                 
         

   Մի տարօրինակ տագնապ էր պատել Գարեգին Նժդեհին: ԵՎ նա ամաչում էր այդ տագնապից, նա ամաչում էր ինքն իրենից: Մահից նա չէր վախենում՝ նա մահից զորավոր էր: Բայց նա տագնապում էր գիշերից, նա տագնապում էր քնելուց... Երկու գիշեր նա միևնույն երազն էր տեսնում՝ միևնույն կերպարը, միևնույն ձայնը, որ կանչում էր Նժդեհին, կանչում...
   ԵՎ չէր հասկանում Նժդեհը, թե ո՞վ էր նա, ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ հայտնվեց իր երազում այնքան կենդանի, այնքան իրական: ԵՎ ինչո՞ւ է նա                              այնքան հարազատ, որ Նժդեհը նույնիսկ կարոտում է նրան: Անծանոթ հարազա՞տ: Այդպես կլինի՞: ԵՎ հենց դրանից էլ սրտդողում էր Նժդեհը, երկյուղում էր գիշերից:
   Բայց գիշերը վրա էր հասել: ԵՎ Նժդեհը միայնակ թափառում էր լեռներում, աշխատելով իրենից վանել երկյուղալի քունը: Գիշերվա մութն իր մեղմ զեփյուռով օրոր էր ասում Նժդեհին: Նժդեհը, ականջը քամու օրորերգին, փորձում էր հասկանալ այդ երգը: Հանկարծ զգաց, որ դա երգ չէ: Գիշերային մթության հետ ձուլված ժայռերից ու ձորերից որպես մեղմ արձագանք իրեն էր հասնում մի թախծոտ հառաչ, նրբին աղերսանք՝ ՙարի՛, արի՛...՚: Ցնցվեց Նժդեհը, նայեց շուրջը: Բայց ձայնը ամենուր էր: Նա ձեռքով ամուր փակեց ականջները, որ չլսի: Բայց դարձյալ այդ ձայնը մխրճվում էր ներս՝ ՙարի՛, արի՛ ինձ մոտ...՚:
   ՙԱյդ ո՞վ է, վերջապես, - տանջվում էր Նժդեհը,- աննյութ ոգի՞ է, թե՞ իրական կերպար: Այդ ո՞վ է, որին ես չեմ ճանաչում, բայց որը ճանաչում է ինձ: ԵՎ ի՞նչ է ուզում ինձանից՚: 
   - Ո՛վ, Հայր իմ, Արա՛,- կանչեց Նժդեհը,- քո կամքով՝ մահից զորավոր եմ ես, բայց ո՞վ է սա, որ այդպես համառորեն հետապնդում է ինձ, և ես պրծում չունեմ նրանից:
   ԵՎ Աստղիկ Աստվածուհին հայտնվեց Նժդեհին ու ասաց.
   - Ո՛վ, Գարեգին Նժդե՜հ, դա քո սերն է հետապնդում քեզ: Սերը աստվածային շնորհ է և մի՜ վանիր քեզանից: Հայր Արայի կամքով դու Գարնան ավետաբերն ես: Իսկ առանց սիրո էլ ի՞նչ Գարուն:
   - Բայց ես Զորությանն եմ երդվել,- ասաց Նժդեհը:
   ԵՎ Աստղիկը ասաց.
   - Այո, քաջդ Նժդե՜հ, բայց գիտցիր, որ հենց Զորության զորությունն է Սերը: Հայր Արայի կամքով ես օծում եմ քո սերը, և դու գնա սիրուդ կանչին ընդառաջ:
   Ասաց Աստղիկը և անհետացավ: Իսկ Նժդեհը դուրս եկավ իր դատողության իշխանությունից ու միայն իր հոգու բնազդների մղումով վազեց  առաջ: Ո՞Ւր էր վազում՝ ինքն էլ չգիտեր: Բայց վազում էր խելագարի պես, վազում էր գիշերային մթության մեջ, հետևելով ՙնրա՚ ձայնին: Մահից զորավորն, անգամ, մանկացել էր սիրո առաջ:
   Նժդեհի աչքերից շողարձակող հուրը լուսավորում էր ճանապարհը, և վայրի գազանները սարսափած դես ու դեն էին փախչում նրա աչքերի հուրից: ԵՎ նա ձորերն էր իջնում, ծանծաղ, բայց արագահոս ջրի միջով անցնում էր անսայթաք, մագլցում էր ժայռերն ի վեր և ապա... քայլեց նեղ և մութ փողոցներով: Նա եկավ ու դեմ առավ մի տան: Իսկ ձայնը կանչում էր ներսից:
   Դուռը բոլորովին բաց էր, և անքուն մարդիկ խմբված էին սենյակում: Լուսամուտի տակ պառկած էր մահամերձ աղջիկը: Դա նա էր, նա՝ գիշերային այցելուն, իրեն կանչող ձայնի տիրուհին: Պառկած էր անշարժ, աչքերը փակ, և միայն շուրթերն էին հազիվ շարժումով ինչ-որ բան շշնջում: Ոչ ոք չէր կարող լսել նրան: Բոլորը երկյուղած սպասում էին մահին: ԵՎ միայն աղջիկն էր, որ Նժդեհին էր սպասում, Նժդեհին էր կանչում: ԵՎ միայն Նժդեհն էր պարզ լսում ու հասկանում նրան:
   Բոլորի զարմացած հայացքների ներքո Նժդեհը ուղղվեց դեպի աղջիկը՝ այնքա՛ն անծանոթ, բայց այնքա՛ն հարազատ: Աղջկա աչքերը փակ էին, իսկ շուրթերը անընդհատ կրկնում էին՝ ՙարի՛, արի՛...՚: Մի անբացատրելի կարոտ Նժդեհին մղում էր առաջ: ԵՎ նա հարազատի համարձակությամբ նստեց աղջկա կողքին, վերցրեց աղջկա ձեռքն ու սեղմեց իր կրծքին:
   Մի ուժգին ցնցում շանթեց աղջկան: Բոլորը ոտքի թռան: Թվաց, թե մահվան ցնցումն էր դա: Բայց ո՜չ... Աղջկա կուրծքն արագ, շատ արագ ելևէջեց, շուրթերի վրա մի թույլ ժպիտ շողաց ու... դանդաղ բացվեցին աչքերը:
   Նժդեհը նայեց նրա աչքերի մեջ: Հանկարծ աչքերը մեծացան, մեծացան ու ընդգրկեցին ողջ սենյակը, տիեզերքը և... իրեն՝ Նժդեհին, իրենց խորության մեջ: Դարերի խորությունն էր այնտեղ և... ինքը: Նժդեհը տեսնում էր իրեն դարերի անհունության մեջ, դարերի փոշին իր վրա և դարերի բույրով օծված: Տեսնում էր և ՙնրան՚: Այո, այո, նա իր կողքին հարսի քողով, երջանիկ ժպիտով: Հարսանիք է, հանդիսավոր պսակադրություն... Բազում Արիներ՝ իշխաններ, զինվորներ, ռամիկներ... Ի՛նչ ծանոթ են բոլորը: Նրանք կենաց են խմում, երգում, պարում, ծաղիկներ են շպրտում նորապսակների վրա: Բոլորը երջանիկ են, իրենք էլ են երջանիկ: ԵՎ երգն ու պարը արձագանք տալով Աստվածների Տաճարից տարածվում էին մինչև երկինք:
   Այդ բոլորը մի ակնթարթ միայն: Այո, միայն մի ակնթարթ, և ապա ամեն ինչ խավարեց արցունքների տարափում: Աչքերը դարձան ամենասովորական աչքեր, և ամենասովորական արցունքներ հորդեցին նրանց միջից: Աղջիկը լաց էր լինում: Հետո՞: Կարծես երազում Նժդեհը լսում էր աղջկա ձայնը. նա ինչ-որ բան էր ասում՝ հարսանիք...սպասում... Վահագն... Աստղիկ... Չէր ըմբռնում Նժդեհը՝ դարերի մշուշով էր պատած նրա միտքը: Աղջիկը խոսում էր, ժպտում, լալիս և... վերջը հոգնած, բայց երջանիկ փակեց աչքերը: Նա քնած էր ու ժպտում էր...
   Ոչ ոք ոչինչ չհասկացավ:  Նժդեհն ինքն էլ ոչինչ չհասկացավ:  Բայց համոզված էր՝ առավոտյան աղջիկը կարթնանա, անպայման կարթնանա: Նա էլ ոչինչ չի հիշի, բայց... դարեր առաջ սկսված պսակադրությունը  կշարունակվի...

0

7

ԱՐՅԱՑ  ՓՐԿԻՉԸ    [  1918 թվական  ]

   Հայր Արայի կամքով, Վահագնի Զորությամբ և Արի Հայերի հաղթ բազուկով առաջին Ձնհալը սկսվեց Արարատում:  Երկնքի մի հատված մաքրվեց ամպերից, և արեգի կենարար ճառագայթները լույսով ու ջերմությամբ ողողեցին Արարատի մի փոքրիկ հատված:  Ծնվեց Արևի երկիր Հայաստանը:
   Մոլեգնում էին Չարիները:  Նրանք չէին հանդուրժում արև, լույս և չէին հանդուրժում Արևի երկրի ծնունդը Արարատում:  Արևի երկիր Հայաստանի մահն էին նյութում նրանք:  ԵՎ Վիշապի հովանավորությամբ մի մեծ բանակ ուղարկեցին Սյունիք, որն ամենից մոտն էր արեգին:  ԵՎ դեռ Արի ռուսների բոլշևիկ իշխանավորներն էլ միացել էին Չարիներին, իրենց իսկ արիականությունը հալածելու Սյունիքում:
   Մոլորվել էին Արի Հայերը:  Խորհուրդ էին անում Հայոց իշխանավորները. ելք էին որոնում:  ԵՎ Նժդեհը ասաց.
   - Վահագնի հետ պիտի խոսենք հիմա՝ Աստվածը մեր արիական հայության:  ԵՎ միայն Վահագնի Զորությամբ կպահպանվի Սյունիքը Հայաստանի համար:
   ԵՎ գնաց Նժդեհը խոսելու Վահագնի հետ:  Նա բարձրացավ Արագած լեռը, խարույկ վառեց ու կանչեց Վահագնին:
   - Ո՛վ, Վահա՜գն Ամենազոր, թե Հայր Արայի կամքով Գարեգին եմ ես՝ Գարնան ավետաբեր, թե մահից զորավոր եմ ես և թե քո Զորության ուխտվորն եմ ես, ասա՝ ինչպե՞ս պահպանեմ Սյունյաց լեռնաստանը Հայաստանի համար:
   ԵՎ Վահագնը ասաց.
   - Ո՛վ, Վեհդ Նժդեհ, Հայր Արայի կամքով Գարեգին ես դու, Աստվածատես ես դու և մահից զորավոր ես դու, իսկ այժմ Արյաց Փրկիչը պիտի լինես դու:  Գիտցիր, որ Սյունիքը պարզապես լեռնաստան չէ:  Սյունիքը ապրեցնում է Հայաստանը, իսկ Հայաստանը ամբոցջացնում է Արի Ցեղը քո:  Հայաստանում են իրար կապվում արևելյան ու արևմտյան Արի Ազգերը, և Հայաստանով է ամբողջանում Արի Ցեղը:  ԵՎ Հայաստանում են իրար խաչվում Արիական ու Թուրանական Ցեղերը:  ԵՎ այդ Ցեղերից միայն մեկը կարող է ամբողջանալ:  Թե պահպանվեց Սյունիքը, կապրի Հայաստանը և կամբողջանա Արի Ցեղը:  Թե կորավ Սյունիքը, Հայաստանը կմեռնի, կտրոհվի Արի Ցեղը, և կստեղծվի Թուրանական մի հզոր ամբողջություն, որը մահաբեր կլինի արևելյան Արի Ազգերի համար:  ԵՎ Հայր Արայի կամքով ու իմ Զորությամբ միայն դո՜ւ կարող ես պահպանել Սյունիքը և փրկել Արի Ցեղը աղետավոր տրոհումից:
   ԵՎ Նժդեհը կազմեց իր զորախումբը:  Հազարների միջից նա ընտրեց միայն նրանց, ովքեր արյան կանչով զգում էիր իրենց պապերին:  Ապա այդ ընտրյալներից էլ ընտրեց միայն նրանց, ովքեր կարող էին նայել արեգին:  Ընդամենը յոթ հարյուր հոգի ընտրեց նա և այդ ընտրյալներով կազմեց իր զորախումբը:  Ապա Նժդեհը իր զորախումբը տարավ Գառնի և Աստվածների Տաճարի մոտ դիմեց իր զորականներին.
   - Ո՛վ, Արի քաջե՜ր, փոքր է մեր զորախումբը, բայց անմահների զորախումբ է:  Զգալով ձեր պապերին, դուք զգում եք ձեր Արի ծագումը և ձեր արմատը Մայր Հողի մեջ:  Նայելով արեգին, դուք ձեր հավերժությանն եք նայում:  ԵՎ հենց այստեղ, Աստվածների Տաճարի մոտ Ամենազոր Վահագնը կօծի մեր սրերը, և մենք կհաղթենք մահին:  Բայց գիտցեք, որ ոչ մի մահ ձեր կողքով չպետք է անցնի, քանզի ձեր կողքով անցած ամեն մի մահ մի Հայ մանկան, մի Հայ մոր կամ հարսի կյանք է տանելու:
   Ապա մի մեծ խարույկ վառեցին, փառաբանեցին Հայր Արային ու Ամենազոր Վահագնին:  ԵՎ Նժդեհը կանչեց.
   - Ո՛վ, Հայր մեր, Արա՛, մեր նախնիներից Հայկը աստվածների մեջ ընտրեց զորավորներին և պաշտպանեց Արարատը:  Ես զորավորների մեջ ընտրեցի աստվածներին՝ պաշտպանելու Սյունիքը:  Տուր մեզ քո Հայրական օրհնությունը և Վահագնի Զորությամբ օծիր մեր սրերն ու հոգիները:
   Ամենազոր Վահագնը օծեց նրանց սրերն ու հոգիները:  Արյաց զորականները իրենց երդումը տվեցին Վահագն Աստծուն և արշավեցին դեպի Սյունիք՝ արիականությունը պաշտպանելու մահաբեր Չարիից:
   Աշխարհը  շատ էր տեսել հանճարեղ ռազմավարներ, շատ էր տեսել գերագույն հերոսացումներ:  Բայց աշխարհը շատ վաղուց չէր տեսել, որ ոգու զորությամբ սրի զորությունը ջախջախվեր:  Երկու տարի Նժդեհը իր անմահների զորախմբով կռիվ էր մղում Չարիների դեմ և միայն հաղթում էր:  ԵՎ անպարտելի էր Գարեգին Նժդեհը:  Չէ՞ որ նա ինքը աստված էր, թեև՝ երկրային և Անմահ Աստվածների հովանավորությունն ուներ:  ԵՎ իր հավատքով ու զորությամբ սնում էր անվերջ նա իր մարտիկներին:
   - Ձեր հոգու մեջ փայփայեք պաշտամունքը մեր մեծ նահատակների, - ասում էր նա. - որ Վահագնի Զորությամբ, հաղթական ոգով և իրենց կյանքով մեզ արև տվին:
   ԵՎ նախնյաց մեծ ոգիներն էին զինակցում նրանց:  Նրանք էին առաջինը հարվածում թշնամիներին:  Նրանք հարվածում էին թշնամիների հոգուն, ընկճում նրանց, հոգեպես նրանց պարտության մատնում:  ԵՎ հայ մարտիկներին մնում էր միայն սպանել նրանց մարմինները:  ԵՎ Նժդեհի մարտիկներից ամեն մեկը մի գերհզոր ոգի էր...
   Վիշապը լավ գիտեր, որ իրենց աստվածայնությունը զգացող Արիների դեմ միայն նրանց արյունով կարելի է կռվել:  ԵՎ Վիշապի կամքով, անպարտելի Նժդեհի դեմ Չարիները հանեցին նույնպես անպարտելի, բայց իր Արի ծագումը ուրացած ռուս Կուրոչկինին:  ԵՎ Նժդեհի զորախմբից հիսուն անգամ ավել Չարյաց զորքով նա արշավեց Սյունիքի վրա:
   Կուրոչկինը վերջնագիր ուղարկեց Նժդեհին, պահանջելով անհապաղ հանձնվել, քանի դեռ իր անհամար զորքը չի հանել նրա դեմ:  ԵՎ Նժդեհը պատասխանեց. ՙՇո՜ւտ եկեք և շա՜տ եկեք, որ իմ հաղթանակն առավել բերկրալի լինի՚:
   Առավոտյան, երբ արևի առաջին ճառագայթները ընկան Սյունյաց լեռների վրա, տեսան, որ Չարի զինվորները սև մորեխի պես ծածկել են սարալանջերը:
   Նժդեհի զորականներից մեկը ասաց.
   - Մեծդ Նժդե՜հ, մեր բազուկները կհոգնեն և մեր կոպերը կծանրանան գիշեր ու ցերեկ թրատելով սրանց, այնքան շատ են...
   ԵՎ Նժդեհը ասաց.
   - Յոթ հարյուր էին իմ անմահ ռազմիկները, մնացին վեց հարյուր իննսուն ինը:
   - Ես կռվից չեմ վախենում, - արդարացավ զորականը:
   Բայց Նժդեհը ասաց.
   - Ինձ հաղթող կռվողներ են պետք, այլ ոչ՝ մեռնող կռվողներ:  Դու կասկածեցիր քո հաղթանակին, ուրեմն հանձնիր քո զենքը:
   Նժդեհը զորախմբից հեռացրեց այդ զորականին և ապա դիմեց բոլորին ու ասաց.
   - Ո՛վ, իմ անմահ զորականնե՜ր, երկու տարի դուք ինձ հետ միայն հաղթանակներ եք կռել այստեղ:  Բայց գուցե հոգնե՞լ եք դուք, կամ այս չարյաց բազմությո՞ւնն է երկյուղ գցել ձեր հոգիների մեջ:  ԵՎ դուք կասկածո՞ւմ եք ձեր հաղթանակին, դուք կասկածո՞ւմ եք Վահագնի օծած սրի զորությանը:  Այդ դեպքում կարող եք հեռանալ, թեկուզ՝ բոլորդ:  Ես միայնակ կկռվեմ և միայնակ կհաղթեմ, քանզի մահից զորավոր եմ ես և Վահագնի զորությունն ունեմ իմ մեջ:  Ես վճռել եմ հաղթել Չարիին և ձեզ հետ ուզում եմ ավելի հեշտ հաղթել ու հաղթանակի բերկրանքը կիսել ձեզ հետ:  Բայց իմ կողքին կարող են կռվել միայն նրանք, ովքեր իրենց անպարտելի աստված են զգում:
   Լռեց Նժդեհը, նայեց ռազմիկներին:  Հաղթանակի հավատն էր շողում բոլորի աչքերում:  ԵՎ ժպտաց Նժդեհը.
   - Ո՛վ, երկրային աստվածնե՜ր, ո՛վ, անմահ ոգիներ:  Անընդունելի է պարտությունը Մայր Հողի վրա, քանզի մեզ հետ են Մայր Հողի ուժը, հայրենի արևը, մեր սուրբ նախնիները, մեզ հետ է Ամենազոր Վահագնը:  Մեր մանուկները վառ հավատով մեզ են նայում. մեր մայրերի մաղթանքն է թևածում մեր գլխավերևում, մեր սրբամաքուր կույս աղջիկների կարոտն է պարուրում հոգիները մեր:  Օ՛հ, ի՛նչ զորություն... ԵՎ էլ ի՞նչ թշնամի, էլ ի՞նչ բազմություն՝ պարզապես փքված ձյունե մեծություն, որ պիտի հալչի մեր զորության հուրից:
   ԵՎ իր զորախմբից հիսուն անգամ ավել զորքի դեմ Նժդեհը ելավ հիսունապատիկ ավել զորությամբ:  Մեծադղորդ ճակատամարտի արձագնքները տարածվել էին ամբորջ Սյունիքում և հասել մինչև Արևը:  Վիշապն էր կատաղի ոռնոցով ոգևորում Չարիներին:  Ամենազոր Վահագն էր իր Զորությամբ սնում Արյաց քաջերին:  Երեք օր, երեք գիշեր Արի անմահները թրատում էին Չարիներին, և չէին հոգնում նրանց բազուկները ու չէին ծանրանում կոպերը նրանց:
   Երբ չորրորդ առավոտը բացվեց, և արեգը ժպտաց երկնքում, ամբողջ Չարյաց զորքը ջարդված էր, և միայն նրա առաջնորդը՝ ինքնուրաց Կուրոչկինն էր մեն մենակ կանգնած՝ հուսահատ, գլխիկոր:  ԵՎ դիմեց նա Նժդեհին.
   - Ես՝ իմ փառքի գագաթնակետին հասած անպարտելի զորավարս, ի՞նչ իմանայի, որ Սյունիքում քո ձեռքով անդարձ գերեզմանելու եմ իմ փառքը:  ԵՎ պատիվ արա ինձ, ո՛վ, Մեծդ Նժդե՜հ և իմ փառքի հետ մեկտեղ հենց քո ձեռքով գերեզմանիր և ինձ:
   ԵՎ Նժդեհը ասաց.
   - Ո՛վ, Չարիների զորավա՜ր, քո խոսքերը միայն Արիի հոգուց կբխեն.  դու Արի ես, և ես եղբայրասպան չեմ լինի:  Գնա, ապրիր, բայց ճանաչիր քո Արի ծագումը և քո արյան դեմ այլևս չկռվես:
   Իսկ Արի Հայ անմահներից միայն մեկն էր պարտվել մահից:  ԵՎ դա էլ այն զորականն էր, որ վտարվել էր զորախմբից:  Նա ինքնասպան էր եղել:
   ԵՎ Սյունիքը պահպանվեց Հայաստանի համար, և Արի Ցեղը պահպանեց իր ամբողջականությունը:  ԵՎ երբ Արի Ազգերը իրենց մեջ վերջապես իրենց արիականությունը զգան և Վահագնի Զորությունը զգան իրենց մեջ, այնժամ նրանք անպայման կփառաբանեն Արյաց Փրկիչ Նժդեհին:

0

8

ՈՒԽՏԱՎՈՐԸ

   Գարեգին Նժդեհը իր անմահների զորախմբով ազատեց Սյունյաց լեռները Չարիներից, ցրեց մութ ամպերը, և կենաց արևը ամբողջ իր ջերմությամբ ժպտաց երկնքից:  Արեգի ճառագայթները թափանցում էին Արևի երկրի բոլոր անկյունները:
   Բայց հայերը մոլորվել էին արևի այդ ջերմությունից: Նրանք ուզում էին արև, բայց երկար ժամանակ վարժված լինելով մռայլին, չէին դիմանում արևի այս զորությանը: Շատ էր զորավոր արևը նրանց տկարացած մարմինների ու աչքերի համար: ԵՎ նրանք գերադասեցին վերադառնալ խավարին: ԵՎ աղոթում էին Չարի Աստծուն, խնդրելով՝ ամպերով ծածկել բորբ արևը:
   - Ո՛վ, Արի Հայե՜ր,- կանչեց Նժդեհը,- այդ ո՞ւմ եք աղոթում: Դուք ձեր մահի՞ն եք աղոթում: Լսեցեք ինձ՝ ես Վահագն Աստծուն եմ տեսել, Վահագնի զորությունն ունեմ և Վահագնի պատգամն եմ բերել ձեզ: Մի վախեցեք այս արևից, մի թաքնվեք նրանից. սա Գարնան արևն է, կյանքի արևն է: Փարվեք նրան, զորացեք նրանով և սպասեք Վահագնին: Վահագնը Գարուն է բերելու աշխարհին և պահպանելու է մեր Արի Ցեղը Մեծ Ջրհեղեղից:
   Բայց Հայերը չէին հանդգնում բարձրացնել իրենց աչքերը ու նայել արևին: Նրանք վախենում էին արևից և անիծում էին Նժդեհին, որ որպես չարագուշակ մի ուժ, բորբ արևը վառեց իրենց գլխավերևում:
   ԵՎ Նժդեհը մնաց միայնակ՝ լքված, անիծված, վտարված: Սյունյաց լեռներում նա խարույկ վառեց, զոհ մատուցեց Հայր Արային և Անմահ Աստվածներին ու կանչեց.
   - Ո՛վ, Հայր իմ, Արա՛, ես արև պարգևեցի իմ Արիներին, իսկ նրանք անիծում են ինձ:
   ԵՎ Վահագնը հայտնվեց Նժդեհին ու ասաց.
   - Հայր Արայի կամքով եմ ես եկել քեզ մոտ: Դու Գարեգին ես ծնվել և Գարեգին ես դու: Բայց գիտցիր, որ երկարատև Ձմեռվա ցուրտը և Վիշապի թույնը տկարացրել են Արիներին, և նրանցից քչերը միայն կարող են դիմանալ արևի զորությանը: Քեզ անիծում են տկարները միայն՝ նրանք, ովքեր մահով են ապրում և մահով պիտի գնան: Դու աստվածամարդերի առաջնորդ ես, այլ ոչ՝ մահկանացուների: Հայր Արայի կամքով շրջիր աշխարհի բոլոր կողմերը և սփռված Հայերի մեջ գտիր զորավորներին, արթնացրու նրանց մեջ աստվածայնությունը և առաջնորդիր նրանց դեպի Արարատ:
   ԵՎ Նժդեհը, հավատարիմ իր անվանը և աստվածային իր կոչումին, թափառեց աշխարհով մեկ: Հայրենիքի անպարտելի զորավարը, որպես երդվյալ ուխտավոր, Արարատից դուրս սփռված Հայերի մեջ որոնում էր Աստվածամարդերի: Նա աստվածայնություն էր քարոզում Արի Հայերին:
   Եկավ հասավ աշխարհի ծայրը, որ Ամերիկա է կոչվում: Դա մի օտարոտի երկիր էր՝ հարուստ, բայց սառը: ԵՎ արևը այստեղ ծուլորեն սահում էր դեպի մայրամուտ: Հայերը այստեղ գոհ էին իրենց հարուստ ու կուշտ կյանքից և խոսում էին օտար լեզվով: Նժդեհը չէր հասկանում նրանց լեզուն, նրանք էլ չէին հասկանում Նժդեհի լեզուն: Վշտացել էր Նժդեհը. ՙԱմերիկան աշխարհի կոյուղին է, և այստեղ են լցվում աշխարհի բոլոր թափոնները: ԵՎ մարդիկ՝ իրենք թափոն և թափոնների մեջ առատ սնունդ հայթայթելով, երջանիկ են: Բայց ի՞նչ գործ ունեն այստեղ Հայերը: Ինչպե՞ս համոզեմ այս Հայերին, որ նրանք թափոն չեն, այլ պարտված Աստվածամարդիկ են: Ինչպե՞ս համոզեմ նրանց, որ իրենց արմատը Արարատում է, որտեղ սնունդը այսպես առատ չէ, բայց մաքուր է ու բնական: Ինչպե՞ս այդ բոլորը ասեմ նրանց, երբ ես չգիտեմ նրանց լեզուն, նրանք էլ իմ լեզուն չգիտեն՚:
   ԵՎ Նժդեհը դիմեց Հայր Արային.   
   - Ո՛վ, Հայր իմ, Արա՛, ասա ինձ, ի՞նչ լեզվով խոսեմ այս Հայերի հետ, որ կարողանամ քո պատգամը հասցնել նրանց:
   ԵՎ Վահագնը հայտնվեց Նժդեհին ու ասաց.
   - Ո՛վ, նվիրյալ ուխտավո՜ր, այս հայերի հետ դու  Աստվածաշունչ Լեզվով խոսիր: Աստվածաշունչը՝  դա Հայր Արայի Լեզուն է, որ ժառանգել է քո նախահայրը՝ երկրային աստված Արին: Անմահ Աստվածներն էլ Հայր Արայից նույն Լեզուն են ժառանգել:
   - Բայց նրանք Աստվածաշունչ Հայոց Լեզուն մոռացել են,- ասաց Նժդեհը:
   ԵՎ Վահագնը ասաց.
   - Աստվածաշունչ Լեզուն մոռանալ չի լինի, քանզի Աստվածաշունչ Լեզուն նրանց ոգին է, էությունը: ԵՎ նրանք, ովքեր Աստվածամարդ են, իրենց արյան կանչով կզգան Աստվածաշունչ Լեզուն:
   Զարմանքն ու տարակուսանքը պատել էր բոլորին, երբ իմացել էին, որ Գարեգին Նժդեհը օտարախոս Հայերի հետ խոսելու է Աստվածների Լեզվով: Շատ-շատերը հավաքվեցին:
   ԵՎ Նժդեհը խոսեց: Խոսեց ոգով ու արյունով, խոսեց Աստվածաշունչ Լեզվով՝  այն Լեզվով, որ ինքը խոսում է Անմահ Աստվածների հետ:  Հենց այդ Լեզվով նա խոսում էր օտարախոս Հայերի հետ: ԵՎ խոսում էր աստվածավարի: Նրանք, ովքեր Աստվածամարդիկ չէին, ոչինչ չհասկացան ու հեռացան: Իսկ նրանք, ովքեր Աստվածամարդիկ էին, արյան կանչով կապվեցին Նժդեհի աստվածային խոսքին և հոգով զգացին այն:
   ԵՎ զարմանում էին նրանք, որ հասկանում էին Նժդեհին, զգում էին նրան: Ապա զարմանքն էլ չքացավ, և գերագույն ոգևորությունը շողաց նրանց աչքերում: Նրանք վերացան իրենց առօրյա կյանքից, մոռացան Ամերիկան իր առատ սնունդով. թվում էր՝ մոռացան և այն լեզուն, որով խոսում էին մինչ այդ: Նրանք միայն իրենց զգում էին Արարատում, ջերմանում էին Արարատի բորբ արևով, զգում էին Աստվածների շունչը իրենց մեջ և տեսնում էին աստվածային պատգամախոսին, որ մտովի նրանց տանում էր դեպի Հայաստան՝ դեպի Արարատ:
   ԵՎ վերջացնելով իր խոսքը, Նժդեհը իր պատգամը ուղղեց Արի Հայերին.
   - Հայաստան անունը տալիս, ոտքի՜ կանգնիր, ո՛վ, Արի Հա՜յ, հպարտ հայացքդ՝դեպի արևելք: Հայաստանի արևը արևելքում է ծագում. արևմուտքում մայրամուտ է:
   ԵՎ  Նժդեհին լսող Արի Հայերը՝ իրենց արյան կանչով՝ արթնացան տարիների թմբիրից, առաջին անգամ իրենք իրենց տեսան, առաջին անգամ մտան իրենք իրենց մեջ, առաջին անգամ զգացին իրենց որպես Աստվածամարդիկ և ամբողջ էությամբ հետևեցին իրենց առաջնորդ Գարեգին Նժդեհին: Նրանք միավորվեցին Ցեղակրոն ՈՒխտերի մեջ և ապրեցին Արարատով:

0

9

ԻՆՔՆԱԶՈՀՈՂՈՒԹՅՈՒՆ

   Մեծ պատերազմ էր սկսվել աշխարհում՝ Արիները Արիների դեմ: Արի Ազգերը իրար էին սպանում, իրար հոշոտում: ԵՎ հանուն ինչի՞: Պարզապես այդպես էր ցանկանում Չարի Վիշապը, որ իշխում էր բոլոր Արի Ազգերի վրա: ԵՎ կատաղի կռվում էին իրար դեմ Արիները: Իսկ Չարիները չարախնդում էին, իրենց ավարն էին հաշվում և իրենց գոհունակությունն էին հայտնում իրենց Աստված Վիշապին:
   Մեծ վտանգ էր կախված Արի Ցեղի գլխին: Վշտացել էր Գարեգին Նժդեհը: Նա դիմեց Հայր Արային.
   - Ո՛վ, Հայր իմ, Արա՛, Արիները անխնա իրար են կոտորում: Ինչպե՞ս փրկենք Արի Արարչազարմ Ցեղը ինքնակործանումից:
   ԵՎ Վահագնը հայտնվեց Նժդեհին ու ասաց.
   - Ո՛վ, Գարեգին Նժդե՜հ, այս պատերազմը դու կանխել չես կարող: Չարի Վիշապը Արիների մեջ գտել է մոլագարների, որոնք էլ նրա պատվերով և Արիականության անունով Արիականությունն են կործանում: Բայց Արի Ցեղածառը կենսունակ է այնքանով, որքանով կենսունակ է նրա Արմատը: Արարատում է Արի Ցեղի Արմատը. այնտեղից է սկսվելու Գարունը և այնտեղից է սկսվելու Արի Ցեղի շարունակելիությունը: ԵՎ Հայր Արայի կամքով ես պատվիրում եմ քեզ՝ պահպանել Արևի երկիր Հայաստանը Արարատում այս աշխարհակուլ պատերազմից:
   Նժդեհը հարցրեց.
   - Բայց ի՞նչ կարող եմ անել ես միայնակ:
   ԵՎ Վահագնը ասաց.
   - Մի աստվածը կարող է անել այն, ինչ ամբողջ մի ժողովուրդ անկարող կլինի: Դու քո հոգևոր զորությամբ պետք է պարտադրես կռվող Արիների առաջնորդներին՝ զսպելու Հայաստանը շրջապատող Չարիների ավերման մոլուցքը:
   Գերմաններն էին հաղթական: ԵՎ Նժդեհը, ապավինելով Վահագնի աստվածային Զորությանը, խոսեց Գերման ֆաշիստ առաջնորդների հետ ու պարտադրեց նրանց՝ զսպելու Հայաստանը շրջապատող Չարիներին: ԵՎ Գերման ֆաշիստ առաջնորդները, ամբողջ իրենց հաղթական գոռոզությամբ հանդերձ, այնուամենայնիվ, հոգեպես ընկճվում էին Նժդեհի հոգևոր զորությունից:
   Բայց պատերազմի ընթացքը փոխվեց: Ռուսիան զորացավ և հաղթեց Գերմաններին: ԵՎ նորից Արի Ցեղի Արմատը վտանգված էր: Նժդեհը գիտեր, որ այժմ միայն Ռուսիան կարող էր զսպել Չարիներին: Բայց Նժդեհը գիտեր նաև, որ հնարավոր չէ խոսել Ռուսիո Բոլշևիկ առաջնորդների հետ: Չէ՞ որ նրանք խոր ատելություն և վրեժ ունեին Նժդեհի դեմ. Սյունիքում նրանք իրենց առաջին պարտությունն էին կրել հենց Նժդեհից: ԵՎ դեռ այդ նույն Նժդեհը համագործակցում էր թշնամի Գերման առաջնորդների հետ: Մեծ վրեժ ունեին Ռուսիո Բոլշևիկ առաջնորդները Նժդեհի դեմ: ԵՎ նրանք երբեք չէին խոսի նրա հետ:
   ԵՎ Նժդեհը դիմեց Հայր Արային.
   - Ո՛վ, Հայր Արա՛, Գերման ֆաշիստների հետ ես կարողացա խոսել, բայց ինչպե՞ս խոսեմ Ռուսիո Բոլշևիկների հետ:   
   ԵՎ Վահագնը հայտնվեց Նժդեհին ու ասաց.
       -Ո՛վ, Աստվածամարդերից ամենազո՜րը, դու մեծագույն ինքնազոհողության պիտի գնաս, պահպանելու համար քո Արի Ցեղի Արմատը Արարատում: Զոհողություն, որ միայն աստվածներին է վայել, և մարդը երբեք չի հասնի դրան: ԵՎ օծված իմ աստվածային Զորությամբ, դու կպարտադրես նրանց խոսելու քեզ հետ: Իսկ երբ նրանք խոսեն քեզ հետ, նրանք կընկճվեն քո զորության առջև:
   Ժպտաց Նժդեհը և ասաց.
   - Այո՜, նրանք կխոսեն ինձ հետ. ես կպարտադրեմ նրանց խոսել շղթայված աստծո հետ: Օծիր իմ հոգին քո աստվածային Զորությամբ, ո՛վ, Վահա՜գն Ամենազոր. ես գնում եմ խոսելու Ռուսիո առաջնորդների հետ:
   ԵՎ օծված Վահագնի աստվածային Զորությամբ, Նժդեհը ինքը գնաց հանձնվելու Ռուս զորականներին: Նժդեհին տարան Մոսկվա: Ցնծում էին Ռուսիո Բոլշևիկ առաջնորդները՝ վերջապես Նժդեհը իրենց ձեռքում է: ԵՎ իրենց ծայրահեղ վրեժխնդրությամբ, շղթայակապ Նժդեհին ցուցադրեցին ժողովրդին: Բյուրավոր Մոսկվացիներ հավաքվել էին նայելու հպարտ շղթայվածին: Նրանց առջև կանգնած էր ոչ թե պարտված, այլ՝ գերված աստված:
   Նժդեհի աստվածային վեհությունը Ռուսիո Բոլշևիկ առաջնորդներին մեծագույն երկյուղ էր պատճառում: Նրանք ընկճվում էին կամավոր տանջամահության հանձնված այս աստծո զորության առջև և... խոսեցին նրա հետ...

0

10

ՆԺԴԵՀԻ  ՎԵՐՋԻՆ  ԺՊԻՏԸ

   Իր Արարատից շատ ու շատ հեռու, խավար զնդանում մեռնում էր Գարեգին  Նժդեհը: Մահից չէր վախենում նա: Բայց սեր ուներ իր հոգում՝ անհուն սեր... Նա այդ աստվածային սիրով էր սիրել իր Արարատը, որ վաղուց Չարիի արյունոտ խրախճանքի ասպարեզ է դարձել: ԵՎ միայն Արայի կամքով, Վահագնի Զորությամբ և իր ու իր նմանների հաղթական բազուկով ազատվեց Արարատի մի փոքրիկ հատված, և վերածնվեց Արևի երկիր Հայաստանը:
   ԵՎ ողբում էր Նժդեհը մահվան մահիճում: Հայաստան էր ուզում, գեթ ոգիանալ էր ուզում Հայաստանում: Բայց անհույս էր՝ մեռնում էր օտարության մեջ՝ լքված իր հարազատներից - նրանցից, ում սիրել էր նա իր ամբողջ հոգով. հալածված իր հարազատներից, որոնց նա Վահագնի աստվածային խոսքն էր քարոզել. մատնված իր հարազատներից, որոնց սնել էր նախնյաց զորությամբ. նզովված իր հարազատներից, որոնց պարգևել էր իր Ցեղի Ոգին... ՈՒ մեռնում էր նա Մայր Հողից հեռու և ողբում էր նա. ՙԱխր, ո՞րն է իմ մեղքը, որ լքված իմ բոլոր սիրելիներից, նույնիսկ հայրենափար մահվան չեմ արժանանում՚:
   ԵՎ գիշերվա մութին իր Լուսե  Պատկերով նրան է հայտնվում Աստվածամայր Անահիտը և մայրական քնքուշ  ձայնով դիմում է նրան.
   - Սիրելի զավա՜կս, դու հավատացիր քո Հայր Արային և դու միակն ես, որ տեսար Վահագնին. դու զորացար Վահագնի Զորությամբ: Դու որդիական սիրով սիրեցիր ինձ: Դու Ցեղապաշտ քաջ զինվոր եղար, Աստվածատես եղար և Փրկիչը Արյաց. իսկ այժմ սուրբ նահատակ ես դու: Դու պիտի քավես քո ապաշնորհ ցեղակիցների մեղքերը բոլոր, որ օտարացած Հարազատ Հորից և Չարի Վիշապի առաջնորդությամբ բզկտեցին իմ մայրական մարմինն անարատ, որ Ամենազորեղ Վահագնին լքած, քնքուշ Աստղիկներին գցեցին թշվառության գիրկը: Նրանք, որ մերժում են Վահագն Աստծուն, քեզ ինչպե՞ս չմերժեն: Դու պիտի քավես մեղքերը նրանց, որ ես կարողանամ մայրաբար ներել վերքերն իմ բոլոր: Դու պիտի մեռնես օտարության մեջ: Բայց ես քո ոգին կբերեմ Հայաստան: Այն միշտ կճախրի հայրենի երկնքում և Հայաստանածին, այո, Հայաստանածին Արի սերնդին հոգեկան զորության ապավեն կլինի: ԵՎ երբ Հայաստանածին Արի սերունդը վեհանա իր Հայր Արայով, զորանա Վահագնով, երբ նա զգա ինձ, երբ նա զգա իր մեջ իր նախնիներին, երբ զգա նա իրեն որպես Արորդի և քեզ՝ Աստվածատես Առաջնորդը իր, այնժամ Հայր Արայի կամքով դու կվերածնվես հենց Արարատում, կռելու Արյաց թուր-կեծակին և առաջնորդելու իրենց աստվածայնությունը զգացող Արիների Վահագնականչը:
   Ասաց Աստվածամայր Անահիտը, ջերմ համբուրեց Նժդեհի ճակատը ու անհետացավ:
   Նժդեհը ժպտաց՝ ժպտաց Հայր Արային, Մայր Անահիտին, ժպտաց Վահագնին, ժպտաց Աստղիկին, ժպտաց Հայաստանածին Արի մանուկներին, որոնց աչքերի մեջ Աստղիկի սերն ու Վահագնի հուրն է փայլում, և օրհնեց նրանց վերջին ժպիտով...

0


Вы здесь » Армяно Языческий Книга Завета » Тестовый форум » Армяно Языческий Книга 5 .. Bестник Bесны..