ը. ԽՈՐՀՈՒՐԴ ՍԻՐՈ
1. ԵՎ Աստղիկն է Սիրո Գերագույն Խորհուրդ՝ ԱՍՏ /Գերագույն Խորհուրդ/ ԱՂ /սեր, հաճելի/՝ ԱՍՏ-Ա/Ը/Ղ-ԻԿ: Արարչից է գալիս Սերը: Արարիչը, անվերջ արարչագործությամբ իր բոլոր Տեսակների մեջ, իր ամբողջությունն է հաստատում:
3. Արարչագործության նախահիմքն է Սերը. սերումի կենսաղբյուրն է Սերը:
4. Արարիչը իր բոլոր բնական Տեսակներով է ամբողջանում, և իր Տեսակներին նա որոնում է անվերջ. Նա իր բոլոր Տեսակների մեջ իր արյունն է զգում, իր ոգին է զգում, իր որակներն է զգում: Նա սիրում է բոլորին, պահպանում է բոլորին, նորոգում է բոլորին, զորացնում է բոլորին և այդ բոլորով իր հավերժությունն է հաստատում:
5. Ամենը Բնության մեջ Արարչի Ամբողջության մասեր են և իրանցով ամբողջացնում են Արարչին: ԵՎ իր Արարչագործությամբ Արարիչը մշտապես իր Սերն է նորոգում իր բոլոր բնական մասերի մեջ:
6. ԵՎ Արարչական Սերը արտահայտվում է բոլոր բնական Տեսակների մեջ. ծառերը սիրով են ծաղկում, ծաղիկը սիրով է բացվում, արեգը սիրով է ծագում, թիթեռը սիրով է ճախրում, սիրով են սիրում Արիները:
7. Արարչական շնորհ է սերը. կյանքի ճառագումն է սերը. սերումի կենսաղբյուրն է սերը. թե սեր չլիներ՝ կյանք չէր լինի, մարդ չէր լինի, մարդը չէր սիրի, չէր արարի, չէր խնայի, չէր ափսոսի, և աշխարհն արար սպանիչ ավերումով կկործաներ իրեն, և աշխարհ չէր լինի:
8. Հաստատելով սերը իմ մեջ, Հայր Արան իմ ԵՍ-ը բաժանել է բազմաթիվ Ես-երի: ԵՎ այդ բոլորը Ես եմ, իմ ամբողջության մասերն են տարբեր անհատների մեջ: ԵՎ այդ բոլորը իմն են, ես նրանց մեջ եմ ապրում ու նրանցով եմ ապրում:
9. Հայր Արայի կամքով ես մշտապես որոնում եմ իմ ԵՍ-ի ամբողջությունը և որոնում եմ տարբեր անհատների մեջ:
10. Ես կամ իմ եղբոր մեջ, իմ զավակի մեջ, իմ հարևանի մեջ, ընկերոջ մեջ, իմ բնաշխարհի մեջ՝ ծառ ու ծաղկի, հող ու արեգի մեջ: Այդ բոլորը իմ ամբողջության մասերն են: ԵՎ ամբողջանալով միայն ես կհասնեմ կատարելության, կհասնեմ աստվածայնության և կհաստատեմ իմ բացարձակությունը:
11. Սերը՝ դա Ես-ի ամբողջության որոնումն է. դա սերն է դեպի ինքն իրեն՝ իր ամբողջության մեջ: Ես ինքս ինձ տեսնում եմ բոլորի մեջ, որ իմն են, որ ինքս եմ: ԵՎ ես նվիրվում եմ նրանց, պահպանում եմ նրանց, կարոտում եմ նրանց, զորացնում եմ նրանց:
12. Սերը արյան կանչ է, որով ես զգում եմ իմ արյունը հարազատիս մեջ:
13. Ո՛վ, Արի Հա՜յ, մի՞թե դու ինձ չես ճանաչում. ես դու եմ, իմ մեջ քո արյունը կա, քո մեջ էլ՝ իմ. ես քո ամբողջության մասն եմ, դու՝ իմ: Եթե դու իմ ամբողջության մասը չես, ապա ինչո՞ւ է իմ արյունը քո մեջ:
14. Թե ես սիրում եմ իմ արյունը, դու էլ սիրում ես քո արյունը, ուրեմն մենք սիրում ենք նույն արյունը, որ կա իմ և քո մեջ. ես իմ մեջ սիրում եմ քո արյունը, դու քո մեջ սիրում ես իմ արյունը. էլ ինչպե՞ս կարող ենք մենք չսիրել իրար:
15. Սերը արյան և ոգու միասնություն է՝ պատկանելության զգացողություն. սիրել, կնշանակե՝ զգացմունքներով կապվել հարազատ ամբողջությանը:
16. Սիրել, կնշանակե՝ զգացմունքներով շոշափել հարազատի շունչը, նրա ոգին, նրա կյանքը և այդ բոլորի մեջ զգալ իրեն:
17. Սիրել, կնշանակե՝ զգացմունքներով շոշափել իր Տեսակի էությունը, նրա արյունը, նրա ոգին և դրանց մեջ զգալ իրեն:
18. Սիրել, կնշանակե՝ զգալ իր մեջ Արայի արյունը և զգալ իրեն միաձուլված այն ամենին, ինչ Արայից է գալիս՝ Բնությանը, հայրենի հողին, արեգին, ջրին, քարին, ծառ ու ծաղկին, իր նախնիներին ու գալիք սերունդներին և զգալ իրեն նրանց մեջ ու նրանց միջոցով, իր գոյությունը նրանց մեջ տեսնել, իր զորությունը նրանց մեջ ունենալ:
19. Իր ամբողջության զգացողությունն է Արիի սերը, և սերն է երջանկության աղբյուրը: Իր ամբողջությունը չզգացող Արին անկատար է ու անլիարժեք. նա չի կարող սեր ունենալ և չի կարող երջանիկ լինել:
20. Սերն է Արի քաջերին մղում խիզախումների. սերն է անձնազոհության կոչում. սերն է պահպանում Հայրենիքը. սերն է խնամում երեխային. սերն է գուրգուրում ծնողին և սերն է մղում դեպի իրար Արիների սրտերն ու հոգիները:
21. ԵՎ Տեսակը այնքան զորավոր է ու ամբողջական, որքան նրա մեջ ուժեղ է Սերը որպես Արարչական շնորհ:
22. Սեր և Զորություն՝ հենց շնորհն Արայի, Սեր և Զորություն՝ Գարունն Աշխարհի, խորհուրդը բարու և արարումի. Սեր և Զորություն՝ ուժ լինելության՝ իրար լրացնող և իրար կերտող. իրարից անկախ լինել չեն կարող:
23. Սերն առանց Զորության կործանվող է. Զորությունն առանց Սիրո կործանող է. Սիրո և Զորության միասնությունն է լոկ խորհուրդը կյանքի:
24. ԵՎ թե Վահագն է Զորության Աստված, ապա Աստղիկն է Սերը Զորության. Վահագնի Զորության ՈՒժը Սերն է Աստղիկի:
25. Զորության Հուրը Սիրով է վառվում: ԵՎ թե մեռնի Աստղիկի Սերը Արիների մեջ, նրանց մեջ կմարի Հուրը Վահագնի. Արիները չեն զգա Վահագնին, չեն կանչի նրան, և Վահագնը անզոր կլինի պաշտպանել Արիներին:
26. ԵՎ թե Արիները ուրանան Աստղիկին, կյանքի սիրո փոխարեն Արիների մեջ կհաստատվի ատելության սերը, մահվան սերը, անհանդուրժողականության սերը. կվերանա ժպիտը, կվերանա երգն ու պարը, կինը կդավի ամուսնուն, ծնողը կլքի զավակին, եղբայր իր եղբոր դեմ սուր կպարզի ու կխրի նրա կուրծքը:
27. Երբ Սերը վերանա Արիների մեջ, Արիներն այլևս չեն սիրի, չեն որոնի, չեն ամբողջանա, իրենց անկատարությամբ կատեն հենց իրենց, իրենց արիությունը կհալածեն իրենց մեջ ու կտկարանան. և Չարի Վիշապը կտիրի նրանց:
28. Արարչական Սիրո արտահայտություն է մեր սերը. ԵՎ Արարիչն է մշտապես սնում ու նորոգում մեր սերը մեր մեջ:
29. ԵՎ Վարդավառն է Արարչական Սիրո Նորոգումը մեր մեջ՝ Վ /գերագույն/ - ԱՐԴ /սիրո խորհուրդ/ - ՎԱՌ /վառվել, օծվել/՝ Գերագույն Սիրո Խորհրդով օծվել:
30. ԵՎ Աստղիկն է Վարդամատն՝ Վարդ /գերագույն Սիրո Խորհուրդ/ -Մատն /պահել, պահպանել/՝ Գերագույն Սիրո Խորհուրդը Պահպանող:
31. ԵՎ Աստղիկն է Արարչական՝ Գերագույն, Սիրո Խորհուրդը. Աշխարհի բոլոր գեղեցիկներով է կերտված Աստղիկը՝ արեգից մի շող, լուսնյակից՝ թախիծ, աստղերից՝ ժպիտ, մաքրություն՝ երկնից, հուզմունքը՝ երկրից, նազանքը՝ հովից, հառաչը՝ հողմից, կարկաչը՝ առվից, անձրևից՝ արցունք, դաշտերից՝ հեզանք, լեռնից՝ հպարտանք:
32. Աստղիկը՝ Սերն է կյանքի՝ գերագույն հմայք ու քնքշություն. Դիցուհին մաքուր, աստվածային Սիրո Թագուհին:
33. ԵՎ Աստղիկն է Աստվածային Սերը Արյաց. և Վարդավառն է աստվածային Սիրո տոնահանդեսը: Աստղիկն է Վարդավառ սարքում՝ վարդեր է ցանում Արյաց սրտերին, վառում է նրանց սիրո արևով, վարդջուր սրսկում աչքերին նրանց, սեր է ներշնչում, սեր է արարում Արյաց սրտերում:
34. ԵՎ Վարդավառով Աստղիկը օծում է Սերն Արիների, Արարչական Սիրո ջերմությամբ բոցավառում է զգացմունքը նրանց, որ սիրով ապրեն, որ սիրով երկնեն, որ սիրով ծնեն և նույն այդ սիրով գուրգուրեն իրար. մանուկը սիրով իր մորը գգվի. իր հոր արևին փարվի նա սիրով. եղբայրն իր եղբոր աչքերին նայի հավատի սիրով, աղջիկները կույս գտնեն իրենց սրտի Վահագնին ու երջանկանան հարսնության քողով:
35. ԵՎ Արիները Վարդավառով օծվում են Արարչական Սիրո ջերմությամբ. իրար են նայում, իրար են ժպտում, իրար հետ խաղում, իրար հետ պարում, սուրբ վարդաջրով իրար են ջրում, իրար են բաշխում սերն իրենց հոգու, իրար են սնում, իրար են գտնում և նորոգվում են Աստղիկի Սիրով:
36. ԵՎ Աստղիկն է Սերը Զորության, Սերը Գարունքի՝ Սեր է ճառագում՝ Սիրո ջերմություն և այդ ջերմությամբ հույզեր է վառում, արցունքներ քամում, թախիծ արարում, հոգևոր խռովք ու տառապալից երջանկություն պարգևում սիրող պատանուն, եթե նույնիսկ այդ պատանին Վահագնը լինի:
37. ԵՎ Վահագնը ինքը՝ թեև Հրեղեն, թեև ինքն Աստված, ինքը՝ գերհզոր , Աստղիկի Սիրուց ինչպե՞ս պաշտպանվի՝ նա էլ է ընկնում սիրո որոգայթ:
38. ԵՎ մանկան նման շիկնում է, վառվում. սիրուց խենթացած՝ իրար է խառնում երկինք ու երկիր. սիրտը սիրավառ՝ վարդի պես բացվում՝ մեղմ ու քնքշալի և պարուրում է Արարատը ողջ՝ և՜ ծառ, և՜ ծաղիկ, և՜ մայր, և՜ մանուկ, և՜ հարսներ չքնաղ, և՜ կույս Աստղիկին:
39. ԵՎ Սիրով օծված հույզը Զորության հորդում է Վահագնի հրե աչքերից, և Վիշապի դեմ մարտի է ելնում հանուն ժպիտի, հանուն կարոտի, հանուն հարսնության և մայրացումի, հանուն սրբության և արարումի:
40. Առանց սիրո էլ ի՞նչ պատանի. էլ ի՞նչ գեղեցիկ ու գեղեցկություն, կյանքի ի՞նչ գարուն: Թե սեր չլինի, Աստղիկ չլինի, թե չհավատա պատանին նրան և թե չաղոթի իր սիրո համար Աստղիկ Դիցուհուն՝ էլ ի՞նչ պատանի:
41. Աստվածային գեղեցկություն է պատանեկան սերը, եթերային ուժ է կրքի ավերիչ ազդեցության դեմ:
42. Գեղեցիկը գեղեցկության հույզեր է ծնում, գեղեցկությունը՝ սեր: ԵՎ գեղեցիկը՝ ինքը բնական, ինքն՝ ամբողջական, ինքն Արարչական Սիրո արարում և նրա պատկերը Աստղիկի տեսքով:
43. ԵՎ Աստղիկը՝ եթերային քույրը Արի աղջիկների, նման է նրանց, և աղջիկներն էլ նման են Աստղիկին:
44. Ամեն մի աղջիկ՝ գեղեցիկ Աստղիկ, ամեն մի աղջիկ պատկերը ունի Աստղիկ Դիցուհու, նազանքն Աստղիկի ունի նա իր մեջ, Աստղիկի սիրո անուրջը ունի և Վահագնին գերելու կրակը ունի:
45. Ամեն պատանի սիրած կույսի մեջ Աստղիկ է տեսնում և սիրում նրան: Աղջիկն իր սիրած պատանյակի մեջ Վահագն է տեսնում և սիրում նրան:
46. ԵՎ Աստղիկը չքնաղ՝ Սիրո Դիցուհին, որ սեր է վառել մատաղ սրտերում, սիրում է նրանց սերը լուսափայլ՝ լույսի պես անկիրք, մաքուր ու ազնիվ, և օգնում նրանց՝ գտնելու իրար:
47. Եթերային սերը պատանեկան մենաշնորհն է, պատանեկության գարունն է: Բայց գարնան պես կանցնի այդ եթերային սերը, եթե այն չվերաճի պտղաբերումի սիրո:
48. Պտղաբերումի սերը արտահայտվում է ընտանիքում սերնդատվության մեջ և փոխանցվում է զավակների միջոցով. դա է սիրո հավերժումը