ԳԵՐԱԳՈՒՅՆ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
ԵՎ Արա Գեղեցիկը վերադարձավ մարտադաշտ: Բազում սպանված քաջերի մեջ գտավ իրեն, փարվեց իր մարմնին: Երկու Արալեզներ հայտնվեցին այնտեղ, լիզեցին նրա վերքերը: ԵՎ Արա Գեղեցիկը ողջ ու առողջ ոտքի կանգնեց: Գնաց մոտակա գյուղ, հովվի շորեր հագավ ու քայլեց Արարատով: Նա ամենուր տեսնում էր հաղթական Տիտանների, ամենուր տեսնում էր պղծություն և ավեր: Դառնացավ նա.
- Այո, ճիշտ են իմ սուրբ նախնիք. մի՞թե այս բոլորը ներել կարելի է:
Լեռներում նա գտավ իր թաքնված զորականներին և իր ընտանիքը: նրանք ճանաչեցին իրենց արքային և շատ ուրախացան: Արա Գեղեցիկի վերադարձի լուրը տարածվեց Արարատով մեկ: ԵՎ ամեն կողմից եկան ցրված ռազմիկներն ու համախմբվեցին իրենց արքայի շուրջը:
Արա Գեղեցիկը վերակազմեց իր զորաբանակը: Նա պատրաստ էր պատերազմի: Բայց նա արդեն գիտեր, որ միայն գերագույն զոհաբերության շնորհիվ Վահագնը իր Աստվածային Զորությամբ կօծի իրենց սրերը: Երկար խորհեց Արա Գեղեցիկը: Ապա մեծ խարույկ վառեց և կրակի մեջ գցեց իր արքայական թագն ու իր ընտանիքի ամբողջ ունեցվածքը: Այդ կրակով օծեց իր և իր զորականների սրերը: Կանչեց Վահագնին և արշավեց պատերազմի: Բախվեցին իրար Արյաց ու Չարյաց զորաբանակները: Ահեղ կռիվ եղավ: Բայց ճակատամարտը կարճ տևեց: Արիները պարտվեցին: Շատերը ընկան կռվի դաշտում, իսկ մնացածը նորից լեռները քաշվեցին:
Հասկացավ Արա Գեղեցիկը, որ իր արքայական թագն ու իր ամբողջ հարստությունը գերագույն զոհաբերություն չէին, և Վահագնը չընդունեց այն: Նա մտածում էր, թե ո՞րն է գերագույն զոհաբերությունը: Նստած լեռան լանջին, նայում էր շուրջը, նայում էր արևին: ԵՎ հանկարծ պայծառացավ նրա դեմքը:
- Գտա՛,- բացականչեց նա,- գերագույն զոհաբերություն կլինի իմ աչքերի լույսը, որով ես արևին եմ նայում:
Արա Գեղեցիկը հավաքեց իր զորաբանակը: Մեծ խարույկ վառեց:
- Ո՛վ, Ամենազոր Վահա՜գն,- կանչեց նա,- ես սիրով իմ աչքերի լույսը նվիրաբերում եմ Արարատի ազատագրմանը: Թող այն հաղթությամբ լուսավորի ողջ Արարատը, և միայն ես լինեմ զուրկ այդ լույսից: Ընդունիր իմ այս զոհաբերությունը և օծիր մեր սրերը քո Աստվածային Զորությամբ:
ԵՎ Արա Գեղեցիկը իր մատներով իր աչքերը հանեց ու գցեց խարույկի մեջ: Ապա Արի զինվորները այդ կրակով օծեցին իրենց սրերը ու նորից արշավեցին Տիտանների դեմ պատերազմի: ԵՎ Արյաց զորաբանակը առաջնորդում էր ինքը՝ կուրացած արքան:
Երկար չտևեց ճակատամարտը: Արիները նորից պարտվեցին ու քաշվեցին լեռները:
Վշտացած էր Արա Գեղեցիկը: Իր աչքերի լույսն էլ չընդունեց Վահագնը: ՈՒրեմն դա էլ գերագույն զոհաբերություն չէր: ՙԲա ո՞րն է գերագույն զոհաբերությունը՚, մտածում էր Արա Գեղեցիկը և պատասխան չէր գտնում: Զրկված աչքերի լույսից, նա օր ու գիշեր մտորում էր և չգիտեր, թե երբ է լույս, երբ է գիշեր, երբ է ինքը քնած ու երբ է արթուն: Վերջը նա դիմեց Աստվածամայր Անահիտին:
Աստվածամայր Անահիտը հայտնվեց նրան:
- Ո՛վ, Մայր Անահի՜տ,- ասաց Արա Գեղեցիկը,- ասա ինձ, ո՞րն է գերագույն զոհաբերությունը, որ կարող է անել աստվածամարդը:
ԵՎ Աստվածամայր Անահիտը ասաց.
- Անկարելին զոհաբերելն է գերագույն զոհաբերությունը, որդի՜ս, երբ զոհաբերում ես քեզ համար ամենաթանկ բանը:
Ասաց ու հեռացավ: Հենց այդ պահին մոտ վազեց Արա Գեղեցիկի կրտսեր որդին՝ տասներկուամյա Արենը և փարվեց հորը: Արա Գեղեցիկը գրկեց որդուն և հանկարծ զգաց, որ սիրտը ցավագին կծկվեց անհուն կարոտից: Նա երկյուղած ցնցվեց:
ՙՈրդի՛ս,- ինքն իրեն ասաց Արա Գեղեցիկը,- որդի՛ս...՚: ԵՎ սարսափեց, հիշելով Աստվածամայր Անահիտի խոսքերը: ՙՈՒրեմն սա՞ է գերագույն զոհաբերությունը... ո՛չ...ո՛չ...՚: Նա ուժգին սեղմեց որդուն իր կրծքին, և նրա աչքերի խոռոչներից արցունքներ գլորվեցին որդու մազերին:
Փոքրիկ Արենը զարմացավ.
- Մի՞թե Արյաց արքան լաց է լինում:
Դառը ժպտաց Արա Գեղեցիկը և ասաց.
- Որդի՜ս, արքան էլ հայր է, և նրա մեջ էլ հայրական արցունքներ կան, որ հորդում են, երբ վիշտն է տիրում որդու աչքերին:
- Հա՜յր,- ասաց փոքրիկ Արենը,- բայց դու ինչպե՞ս ես տեսնում իմ աչքերը:
ԵՎ Արա Գեղեցիկը ասաց.
- Որդուն տեսնելու համար աչքեր պետք չեն: Հայրը որդուն հոգով է տեսնում:
Որդու գնալուց հետո վերսկսվեցին Արա Գեղեցիկի տառապանքները գերագույն ուժգնությամբ: Նա արդեն գիտեր, որ գերագույն զոհաբերությունը գերագույն տառապանք պատճառող զոհաբերությունն է՝ դա իր որդին է: Բայց նա ոչ մի կերպ չէր հաշտվում այդ մտքի հետ: Նա լաց էր լինում մանկան պես, գալարվում էր վշտից ու ցավից, օգնության էր կանչում Աստվածներին, նախնիներին: Բայց ոչ ոք չէր լսում նրա աղերսը, ոչ ոք չէր գալիս մոտը, ոչ ոք չէր մխիթարում նրան: Իսկ նրա ուղեղի մեջ անընդհատ պտտվում էին Աստվածամայր Անահիտի խոսքերը. ՙՊիտի զոհաբերես այն, ինչ չես կարող զոհաբերել. դա է գերագույն զոհաբերությունը՚:
Արա Գեղեցիկը չիմացավ, որ արդեն գիշերն անցել էր, լույսը բացվել էր, և արևը ժպտում էր աշխարհին: ԵՎ միայն որդու ձայնը սթափեցրեց նրան: Արենը մոտեցավ հորը և ասաց.
- Հա՜յր, այս գիշեր Աստվածամայր Անահիտը հայտնվեց ինձ: Ես արդեն գիտեմ քո հոգեկան խռովքը: Հաղթության համար դու պետք է ինձ զոհաբերես:
- Ո՜չ,- գրեթե ճչաց Արա Գեղեցիկը,- ո՜չ, չե՜մ կարող, դա անկարելի՜ է:
- Հա՜յր,- ասաց որդին,- բայց կարելին զոհաբերելը մի՞թե զոհաբերություն է:
- Չարագուշակ խոսքեր ես ասում, որդի՜ս,- երկյուղեց Արա Գեղեցիկը:
- Ասա՜ ինձ, հա՜յր,- ասաց որդին,- եթե դու պարտվես և Տիտանները գերեն ինձ, կսպանե՞ն:
- Այո,- պատասխանեց հայրը,- անպայման կսպանեն, չէ՞ որ դու արքայազն ես:
ԵՎ փոքրիկ Արենը ասաց.
- Հա՜յր, եթե այդպես է՝ ավելի լավ չէ՞ ես զոհաբերվեմ փառավոր հաղթանակի համար, քան պարտության նվաստ զոհ լինեմ ես:
Սթափվեց Արա Գեղեցիկը, գրկեց որդուն ու երկար խորհեց նրա խոսքերի վրա:
- Այո, դու ճիշտ ես, որդի՜ս,- վերջապես ասաց Արա Գեղեցիկը և ոտքի կանգնեց:
Արյաց զորաբանակը հավաքվել էր մի մեծ խարույկի շուրջը և սպասում էր արքային: Վերջապես Արա Գեղեցիկը դանդաղ քայլերով մոտեցավ, իր կրտսեր որդու՝ Արենի ուղեկցությամբ: Կանգնեց խարույկի մոտ, պատյանից հանեց սուրը, պարզեց երկինք ու կանչեց.
- Ո՛վ, դու, Ամենազոր Վահա՜գն, Հայր Արայի կամքով քեզ եմ նվիրում Արյաց փառավոր հաղթության այս զոհաբերությունը. ընդունիր այն և օծիր մեր սրերը քո Աստվածային Զորությամբ:
Ապա շեշտակի իջավ նրա սուրը, և խարույկի կրակը ճթճթաց անմեղ արյան հորդումից:
Արի զորականները օծեցին իրենց սրերը և Արա Գեղեցիկի առաջնորդությամբ արշավեցին տիտանյան բանակի դեմ կռվելու:
Երկար տևեց ճակատամարտը: Արյաց օծված սրերը անխնա կոտորում էին Տիտաններին: ԵՎ ամենից շատ Արա Գեղեցիկի սուրն էր հնձում: Իր հոգով էր նա զգում թշնամիներին, և ոչ մեկը չէր ազատվում նրա սրից: Տիտանները խուճապահար փախչում էին Արարատից:
Վանա ծովի մոտ Արա Գեղեցիկը հասավ Շամիրամին, բռնեց նրա մազերից, կախարդական վզնոցը պոկեց ու գցեց ծովը: ԵՎ ապա իր սրով կտրեց նրա գլուխը, տվեց պարտված Տիտաններին ու ասաց.
- Տարե՜ք այս գլուխը ձեզ հետ և մի բարձր տեղ ամրացրե՜ք, որ ձեր արքաները տեսնեն նրան և այլևս սրով չգան Արարատ:
Արարատը ազատված էր: Հաղթության տոնախմբություն էր ամենուր: Բոլորը ցնծում էին, բոլորը երջանիկ էին: Իսկ Արա Գեղեցիկը իր վերջին պատգամը հղեց Արիներին.
- Ո՛վ, Հայ Արմեննե՜ր, դուք անպարտելի կլինեք, եթե գերագույն զոհաբերության ոգով ապրեք:
Ասաց, Արարատի խնամակալ կարգեց իր ավագ որդուն՝ Անուշավանին և ինքը գնաց միանալու իր նախնիներին: