ԹՈՐԳՈՄԸ ԵՎ ՏԻՏԱՆՅԱՆ ԽԱԹՈՒՆԸ
Շատ ժամանակ չանցած Մեսրայիմը մեռավ: Մեռնելուց առաջ իր մոտ կանչեց իր կնկան՝ տիտանյան Խաթունին և ասաց.
- Լսի՜ր, կնի՜կ, ես քեզ եմ հաղորդում մեր Աստված Վիշապի կամքը: Վիշապի կամքով տիտաններին մեծ առաքելություն է տրված՝ խավարով պատել Արարատը և անապատի վերածել այն: Բայց աստվածները զորավոր են իրենց Վահագնով: ԵՎ աստվածների դեմ իրենց արյունով պետք է կռվել միայն:
Մեսրայիմի մահից հետո միտք արեց Խաթունը. ՙՄարդ ճամփեմ Թորգոմի մոտ, թող գա ինձ հյուր լինի, թող պառկի իմ սենյակում, և ես նրանից մի կտրիճ տղա ունենամ՚: Նա երկու փահլևան ուղարկեց Արարատ և նրանց մի գիր տվեց, որ հանձնեն Թորգոմին:
Փահլևանները գտան Թորգոմին և նրան հանձնեցին Խաթունի գիրը: Խաթունը գրել էր. ՙԹե դու աստված ես՝ աստվածային երդումիդ հարազատ եղիր. եկ ու տիրություն արա ինձ, ինչպես ուխտել ես ժամանակին՚:
Մտքերի մեջ ընկավ Թորգոմը: Չգիտեր ինչ անի: Բայց երդվել էր և իր երդումը չէր կարող դրժել: ԵՎ Թորգոմը ասաց կնկան.
- Կնի՜կ, տիտանյան Խաթունը գիր է ուղարկել և ինձ կանչում է Անապատ: Երևի նա նեղն է ընկել, և ես պիտի գնամ:
Արեգնազը ասաց.
- Թորգո՜մ, մի՜ գնա: Այդ Խաթունը խորամանկ է օձի պես, նա քեզ կխաբի: Նա քո զորությունն է ուզում, նա քեզանից որդի է ուզում:
Թորգոմը հիշեց Աստվածամայր Անահիտի խոսքերը և հասկացավ, որ Խաթունը իր արյունն է ուզում, որ հետո իր դեմ հանի: Հասկացավ Թորգոմը, բայց ուխտ էր արել և դրանից էլ հրաժարվել չէր կարող:
Գիշերները չէր քնում Թորգոմը ու ելք էր որոնում: Նա դիմեց Հայր Արային՝ պատասխան չստացավ: Դիմեց Վահագնին՝ պատասխան չստացավ: Դիմեց Մայր Անահիտին, և Մայր Անահիտը լսեց նրա ձայնը և հայտնվեց նրա առաջ:
- Մայր Անահի՜տ,- ասաց Թորգոմը,- տիտանյան Խաթունը ինձ է կանչում: Գիտեմ՝ նա արյուն է ուզում ինձանից: Ասա, ի՞նչ անեմ:
- Զավա՜կս,- պատասխանեց Անահիտը,- դու խաբվել ես արդեն խորամանկ Մեսրայիմից և աստվածային երդում ես տվել: Խաթունը նույնպես խաբում է քեզ: Բայց դու կապված ես քո երդումով և չես կարող երդմնազանց լինել: Դա է կամքը Հայր Արայի:
- Մա՜յր,- ասաց Թորգոմը,- մի՞թե Հայր Արան չի կարող ազատել ինձ իմ ուխտից:
ԵՎ Անահիտը ասաց.
- Ո՜չ, որդի՜ս, Հայր Արան սիրում է քեզ, բայց գիտցի՜ր, որ Արայի հաստատած օրենքները բացարձակ են, և նույնիսկ ինքը՝ Արան, չի կարող խախտել: Այնպես որ դու պիտի գնաս: Գնա՜, պաշտպանի՜ր Խաթունին տիտանյան իշխանների հալածանքներից, բայց լսի՜ր իմ պատվերը, որ Արայից է գալիս՝ չմտնես Խաթունի սենյակը: Միայն դրանով դու կազատվես քո ուխտի ծանրությունից:
Թորգոմը խոստացավ չիջնել իր ձիուց և գնաց Խավարի Թագավորություն:
Տիտանյան Խաթունը մեկ ժամվա ճանապարհ գորգեր էր փռել, մոմեր վառել, ինքն էլ զուգվել, իր տան պատշգամբին սպասում էր Թորգոմին: Տեսավ, որ հեռվից մի ձիավոր է գալիս: Հասկացավ, որ Թորգոմն է, ուրախացավ:
Թորգոմը եկավ հասավ, բարև տվեց և ասաց.
- Տիտանյան Խաթո՜ւն, ես իմ աստվածային երդմամբ եկել եմ քեզ մոտ, կանչիր այստեղ քո բոլոր իշխաններին, և ես կզսպեմ նրանց:
- Վա՛հ,- ասաց Խաթունը,- դու հոգնած ես երկար ճանապարհից և իմ հյուրն ես, իջիր ձիուց ցած, ներս եկ, հանգստացիր, նոր միայն զբաղվիր պետական գործերով:
- Ո՜չ,- ասաց Թորգոմը,- ես ուխտ եմ արել, որ ձիուց չեմ իջնելու ցած, կանչի՜ր իշխաններիդ:
- Թորգո՜մ,- ասաց Խաթունը,- մի՞թե ես գեղեցիկ չեմ ու հաճելի:
- Դու գեղեցիկ ես ու հաճելի,- պատասխանեց Թորգոմը,- բայց իմը չէ քո գեղեցկությունը. դու տիտան ես, ես՝ աստված, դու Ադամորդի ես, ես՝ Արորդի, դու Չարի ես, ես՝ Արի: ԵՎ իմը Արի կնոջ գեղեցկությունն է:
- Արմեն Թորգո՜մ,- չնահանջեց Խաթունը,- տիտանյան Ցեղի ամենագեղեցիկ կինն եմ ես: Իջիր ձիուց և տիրիր իմ գեղեցկությանն ու ամբողջ Անապատի Թագավորությանը:
ԵՎ Թորգոմը ասաց.
- Լսի՜ր, տիտանյան Խաթո՜ւն, ո՜չ քո օտար հողն է պետք ինձ և ո՜չ էլ քո օտար գեղեցկությունը:
Տեսավ Խաթունը, որ հաստակող է Թորգոմը և ճար չկար նրան ներս բերելու, կանչեց իր իշխաններին: Իշխանները, որ միայն Թորգոմի տեսքից զարհուրում էին արդեն, գլխիկոր կանգնեցին նրա առաջ: Թորգոմը սաստեց նրանց, և նրանք երդվեցին իրենց Աստված Վիշապով՝ հնազանդ լինել Խաթունին:
Իր գործն ավարտած համարելով, Թորգոմը ուզեց հեռանալ, բայց Խաթունը ասաց.
- Ո՛վ, մե՜ծդ աստվածների մեջ, եկ այս հաշտությունը կնքենք մի մի թաս գինիով, և ապա բարի ճանապարհ քեզ:
Մի մի թաս գինի բերեցին տվեցին իշխաններին, իսկ Թորգոմին տվեցին հարյուր տարվա գինի: Հոգնած էր Թորգոմը ու ծարավ: Դավին անտեղյակ, նա խմեց գինին: Հենց որ խմեց, նրա ճակատը բռնեց, գլուխը պտտվեց: Թորգոմին իջեցրին ձիուց և տարան ներս: Ճոխ հյուրասիրություն սարքեցին, խմացրին Թորգոմին ու տարան Խաթունի սենյակը:
Խաթունը Թորգոմից մնաց երեխով: Ինը ամիս, ինը օր և ինը ժամ որ լրացավ, Խաթունը մի տղա ունեցավ և անունը դրեց Բել:
Յոթը տարի տիտանյան Խաթունը Թորգոմին պահեց գինով: Մի օր էլ, երբ Թորգոմը դրսից ներս էր գալիս, դռների մեջ լսեց Խաթունի ձայնը: Խաթունը խաղացնում էր Բելին և ասում. ՙՔո մերը քեզ մեռնի, տիտանյան արքա, մեծանաս, տիտանների օջախը կանգնացնես, աստվածների օջախը փչացնես՚:
Թորգոմը որ լսեց այդ խոսքերը, ուշքի եկավ, ներս մտավ ու ասաց.
- Խաթո՜ւն, այդ ի՞նչ խրատ ես տալիս դրան: Նա դեռ ձվից դուրս չեկած, հիմիկվանից դու չարությո՞ւն ես սովորեցնում նրան:
- Իհարկե,- պատասխանեց Խաթունը,- նա Չարիների արքա է լինելու, ուրեմն հիմիկվանից չարություն պիտի սովորի:
- Եթե այդպես է, ես էլ չեմ մնա այստեղ,- ասաց Թորգոմը:
- Դու գիտես, Թորգո՜մ,- ասաց Խաթունը,- ինձ որդի էր պետք, ժառանգ էր պետք Անապատի Թագավորությանը: Յոթը տարի քեզ գինով տիրում էի ես և քեզանից տղա ունեցա: Հիմա կուզես գնա, կուզես մնա: Թե կմնաս, ես սեր ունեմ դեպի քեզ և սիրող կին կլինեմ. թե կգնաս, իմ օրհնանքը քեզ հետ:
Թորգոմի գինովությունը միանգամից թողեց: ԵՎ նա ասաց ինքն իրեն. ՙԵս մեկ օր չէ, որ այստեղ եմ, արդեն յոթ տարի է: Ես խախտեցի Մայր Անահիտին տված իմ խոստումը և տիտաններին իմ արյունով զորացրի՚: Ելավ սուս ու փուս ձին հեծավ ու գնաց Արարատ:
Բայց Արիները չուրախացան Թորգոմի վերադարձից, և ոչ ոք չդիմավորեց նրան: Արեգնազն էլ մտավ տուն և պինդ փակեց դուռ ու լուսամուտ:
ԵՎ Թորգոմը դիմեց Աստվածամայր Անահիտին.
- Օ՛, Մայր Անահի՜տ, մեծ է իմ մեղքը և աններելի: Իմ ժողովուրդը չի ընդունում ինձ, իմ կինը չի ընդունում ինձ, Աստվածները չեն ընդունում ինձ, ես էլ եմ ինձ մերժում, և միայն մայրական սիրտը չի լքում որդուն՝ նույնիսկ մոլորյալ, նույնիսկ մահապարտ: Օ՛, Մա՜յր, ես ներում չեմ խնդրում, ոչ կյանք, ոչ իշխանություն: Ես միայն մի զավակ եմ ուզում, որ ժառանգի իմ թագավորությունը և պաշտպանի իմ Ցեղը զորացող Բելից:
Աստվածամայր Անահիտը լսեց Թորգոմի ձայնը և հայտնվեց նրա առաջ ու ասաց.
- Որդի՜ս, Հայր Արայի կամքով ես թողություն կտամ Արեգնազին, որ նա քեզ ներս ընդունի: Դու ժառանգ կունենաս, բայց դուք երկուսդ էլ ուխտակոտոր կլինեք ու կմեռնեք:
ԵՎ Թորգոմը ասաց.
- Հավերժության մեջ մի մահը ի՞նչ արժե՝ ոգիացած երազ միայն: Մենք նախնի եղել ենք, նորից նախնի կլինենք և մեր որդու ժառանգների մեջ կրկին կվերածնվենք:
Աստվածամայր Անահիտի պատվերով Արեգնազը բացեց դուռը և Թորգոմին ներս առավ:
Ինը ամիս, ինը օր և ինը ժամ որ լրացավ, Արեգնազը մի տղա ծնեց: Ծնվեց մանուկը արևի լույսով, և արևի լույսն էր նրա աչքերում: ԵՎ Աստվածամայր Անահիտը ինքը հովանավորեց նրա ծնունդը: Առաջինը ինքը գրկեց լուսեղեն մանուկին, նայեց նրան ու բացականչեց.
- Օ՛հ, որքան նմա՛ն է Հայգ Արիին: ԵՎ թող այս մանկան անունը Հայկ լինի:
ԵՎ Արեգնազը դիմեց Աստվածամայր Անահիտին.
- Ո՛վ, Մայր Անահի՜տ, դո՜ւ, որ հովանավորեցիր Թորգոմի որդու ծնունդը և նրան Հայգ Արիի պատվին Հայկ անվանեցիր, քո մայրական գութով քառասուն օր ժամանակ տուր իմ մայրությանը, որ քառասուն օր պահպանեմ Հայկին վնասներից, վարակից, աչքից, ապա օծենք նրա մարմինը Արարատի հազար ու մի ծաղիկների պահպանիչ յուղով և կնքելով նրան, հանձնենք կյանքին ու Անմահ Աստվածների հովանավորությանը:
Աստվածամայր Անահիտը լսեց Արեգնազի աղերսը և քառասուն օր ժամանակ տվեց նրան ու Թորգոմին՝ մինչև Հայկին քառասունքից հանելն ու կնքելը: